11/03/2024 12:33
Ազգն արժանի է պետականության, երբ անշարժ գույքի եկամտաբերությունը երկրորդական է արվեստի առջև. Աննա Պողոսյան
Մեներգչուհի Աննա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան: Սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը: Կոնսերվատորիայի շենքում հանգրվանելու է մի հերթական հյուրանոց, այսինքն` 600 տարի թուրքի աճեցրած գեղջուկների և վաշխառուների սերունդ հայախոսները կտոնեն հերթական հաղթանակը` հայրենավաճառ տականքների իշխանության շնորհիվ: Ավարտվում է և շատ անփառունակ, մի փորձ` հայ ազգին հասցնելու երաժշտական մեծ արվեստի ավետիսը:
Սա ազգային աղետի հերթական մի արար է, որն արժանանում է «ազգի» լուռ համաձայնության, իսկ իրականում` վերջնական ինքնասպանության: Կոնսերվատորիայի շենքը հատուկ կառուցված է երաժշտական արվեստ ուսուցանելու համար: Այն իրականում մեր ազգի երեսն է, որը շուտով վերածվելու է մի հերթական անառականոցի։ Ազգը արժանի է պետականության, երբ անշարժ գույքի եկամտաբերությունը երկրորդական է արվեստի առջև:
Ցավալի է այս ամենը: Չկա արցախցի, ով հրապարակավ դեմ է Արցախի հանձմանը, չկա գեներալ, ով դեմ է բանակի ոչնչացմանը, չկա երաժիշտ, ով դեմ է երաժշտական արվեստի ոչնչացմանը: Սա աղետ էլ չէ, սա ինքնակործանում է: Կոնսերվատորիայի փակման դեմ պետք է լիներ բոլոր, բոլոր երաժիշտների ընդվզում, բայց այն չկա: Ինչպես չկա ընդվզում պետականության կորստի դեմ: Ֆաշիստական այս ինքնանվաստացումը մի օր երեւի կավարտվի` հուսամ ոչ արտաքին նվաճման հետևանքով: Այսօր կոնսերվատորիայի փակման դեմ բողոքող չկա` ստրուկը կերել է գրեթե բոլորին: Հասկանալի է, որ ազգակործան այս հերթական արարը ևս կպսակվի հաջողությամբ, ինչպես Արցախի հանձնումը և Հայաստանի տարածքների զիջումը: Մնացել ենք 10-15 հոգով, ովքերով սարսափած ենք այս սրիկայությունից և իրենց «երաժիշտ» համարող ոլորտի անհամար ոչնչություններից: Ակնհայտ է, որ կոնսերվատորիայի վերականգնումը` հայրենավաճառ տականքների հեռացումից հետո, միգուցե լինի նաև անհնար:
Ոչ մեկին ոչ մի կոչ չեմ անում, քանզի ստրկացած ազգին նման կոչերով դիմելը անիմաստ է: Չեք ուզում դասական երաժշտություն, չեք ուզում Կոմիտաս, ուրեմն ապրեք թուրքական մուղամի տակ: Բայց միևնույնն է` Հայկը հաղթելու է Բելին, հայկական երաժշտությունը կվերածնվի, Խաչատուրյանը և Բաբաջանյանը, Սպենդիարյանն ու Միրզոյանը, մեր մյուս մեծերը «կվերադառնան», իսկ հիմա` դավաճանների օրերն են, որոնց մենք՝ հայերս, պետք է դիմանանք»: