11/03/2024 14:06
Գնահատականը, որ Հայաստանի ինչ-որ քայլ ուղղված է Ռուսաստանի դեմ, ուղղակի սադրանք է. Վաղարշակ Հակոբյան (Տեսանյութ)
Այն արձագանքները, որ պետք է լինեին ՀԱՊԿ-ից, չեն եղել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Ընդ որում, այս արձագանքները չեն եղել անհասկանալի պայմաններում, որովհետև մենք շատ ակտիվ գործողություններ ենք իրականացրել որպես ՀԱՊԿ անդամ՝ կապված Ղազախստանում տեղի ունեցած գործողությունների հետ ու նույնն ակնկալել ենք մեր գործընկերներից, բայց չենք ստացել»,- նշեց նա։
Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը բավականին լուրջ գործողություններ է իրականացնում անվտանգության երաշխիքների բարձրացման, ռազմական տեխնիկայի ձեռբերման ուղղությամբ։
Պատգամավորը նշեց, թե այն գնահատականը, որ Հայաստանի ինչ-որ քայլ ուղղված է Ռուսաստանի դեմ, ուղղակի սադրանք է։
«Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր բոլոր գործընկերների հետ ունենանք նորմալ համագործակցություն ու չենք աշխատում որևէ մեկի դեմ, մենք աշխատում ենք ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանն ունի միջազգային բազմաթիվ գործընկերների հետ համագործակցություն, ունի համագործակցություն նաև Ռուսաստանի հետ»,- ընդգծեց Վաղարշակ Հակոբյանը։
Նա ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է միևնույն տնտեսական բլոկում, Հայաստանում առկա է ռուսական ռազմաբազա, կա երկարամյա համագործակցության պատմություն։
«Մեր հարաբերություններում բազմաթիվ խրթին հարցեր կան, գնահատականներ կան, որ կարող ենք չկիսել, բայց իրականության մեջ մենք ունենք շատ լավ համագործակցություն»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը։