11/03/2024 17:58
«Մեզ կներքաշեն հակամարտության մեջ»․ Մոլդովայի ընդդիմությունը դեմ է ֆրանսիական ռազմական առաքելության տեղակայմանը
Մոլդովայի Սոցիալիստների կուսակցությունը, որն ընդդիմադիր հայացքներ ունի, վճռականապես դեմ է արտահայտվել երկրում Ֆրանսիայի պաշտպանության նախարարության մշտական առաքելություն հիմնելու մասին Քիշնևի և Փարիզի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։
Կուսակցության տարածած հայտարարությունում նշված է, որ այդ նախաձեռնությունը հակասում է Մոլդովայի մշտական չեզոքության կարգավիճակին, որն ամրագրված է սահմանադրությամբ և կարող է Մոլդովային հակամարտության մեջ ներքաշելու պատճառ դառնալ։
«Այդ համատեղ նախաձեռնությունը վտանգավոր է հատկապես այսօր, երբ Ֆրանսիայի նախագահը անպատասխանատու հայտարարություններ է հնչեցնում Ուկրաինայի տարածք ֆրանսիական զորքեր մտցնելու մտադրության մասին»,- նշված է հայտարարությունում։
Նշենք, որ մարտի 7-ին Ֆրանսիան և Մոլդովան պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում Քիշնևում կհիմնվի Ֆրանսիայի պաշտպանության գերատեսչության մշտական առաքելություն, որի առանցքային խնդիրն է լինելու Մոլդովայի զինվորականների վերապատրաստման կազմակերպումը։