11/03/2024 14:57
ՌԴ-ն առաջին անգամ զենքի արտահանման ցուցանիշով իջել է 3-րդ հորիզոնական՝ զիջելով Ֆրանսիային․ SIPRI
Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը միայն երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենախոշոր զենք արտահանողների շարքում՝ երկրորդ տեղը զիջելով Ֆրանսիային և առաջին տեղում՝ ԱՄՆ-ին․ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հետազոտության համաձայն՝ 2019-2023թթ․-ին ՌԴ-ից զենքի արտահանումը կրճատվել է 53 տոկոսով՝ 2014-2018-ի համեմատ։ Եթե 2019 թվականին Ռուսաստանը զենք է արտահանել 31 երկիր, ապա 2023 թվականին՝ ընդամենը 12 երկիր։
SIPRI-ի զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից զենքի արտահանումն աճում է, իսկ Ռուսաստանից արտահանումը կտրուկ նվազում է։ ԱՄՆ-ն հիմնական սպառազինություն է մատակարարել 107 պետության, ամերիկյան արտահանումն աճել է 17 տոկոսով։ Հետազոտության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ն ու Արևմտյան Եվրոպայի երկրները 2019-2023 թվականներին սպառազինությունների արտահանման 72 տոկոս են գրանցել՝ 2014-2018 թվականների 62 տոկոսի դիմաց, և ԱՄՆ-ն ավելի շատ սպառազինություն է մատակարարել, քան նախորդ հինգ տարվա ընթացքում։
«ԱՄՆ-ն ուժեղացրել է իր համաշխարհային դերը որպես զենք մատակարարող՝ իր արտաքին քաղաքականության կարևոր ասպեկտը՝ ավելի շատ զենք արտահանելով ավելի շատ երկրներ, քան երբևէ»,- ասել է SIPRI-ի սպառազինությունների ծրագրի տնօրեն Մեթյու Ջորջը: Ըստ նրա՝ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ տնտեսական և աշխարհաքաղաքական գերակայությունը մարտահրավեր է նետում զարգացող տերություններին։ Ֆրանսիայից էլ զենքի արտահանումն ավելացել է 47 տոկոսով։ Առաջին անգամ Ֆրանսիան դարձել է զենքի արտահանմամբ աշխարհում երկրորդը։