11/03/2024 09:41
Տրանսպորտը չպետք է թանկանա․ դո՛ւրս եկեք քաղաքացիների գրպանից. Մեսրոպ Մանուկյան
Տրանսպորտը չպետք է թանկանա․ տեսակետը հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը՝ պահանջելով «դուրս գալ քաղաքացիների գրպանից»։
Նա նաև ավելացրել է․ «Ապաշնորհ կառավարում Երևան քաղաքում՝ կոռուպցիոն և հովանավորչական դրսևորումներով․
սիրելի՛ համաքաղաքացիներ, մարտի 7-ին կայացած ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստին բացահայտվեց, որ նախորդ տարի տրանսպորտին սուբսիդավորվել է 4մլրդ 34 մլն դրամ (քաղաքապետարանում մինչև այս պնդում էին, թե շուրջ 7մլրդ դրամ)։
- Բացահայտվեց քաղաքապետարանի անկարողությունը ստվերի դեմ պայքարում կամ էլ տեղի է ունենում դասական «ջեբկիրություն»:
Իմ հարցին, թե որքա՞ն գումար է հավաքագրում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն՝ Սուրեն Գրիգորյանի պատասխանը եղավ, որ չենք կարող ասել, քանի որ ստվերը շատ է և հավաքագրումը 50%-ից մի փոքր ավելի է (աբսուրդի ժանրից): Ավելի պարզ՝ գումարի կորստի համար N 1 «մեղավոր» կարգվել են ավտոբուսի վարորդները:
www.yerevan.am կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2013 թվականի Երևանում վերգետնյա տրանսպորտով օրական երթևեկել է 630 000 քաղաքացի, բայց չգիտես ինչու հիմա քաղաքապետարանի պաշտոնյաները նվազ թիվ են ներկայացնում՝ իբրև թե 550 000 ուղևոր (ակնհայտ է, որ հիմա ավելի շատ մարդ է երթևեկում)։
- Ընդառաջ գնալով Սուրեն Գրիգորյանին՝ հիմք ընդունենք, որ 60 % հավաքագրում եք ունենում, ստացվում է, որ օրեկան (նույպես նրանց թվերը հիմք ընդունենք) 40% հավաքագրման թերացումը կամ «գրպանումը» կազմում է 220 000 ուղևոր բազմապատկած 100 դրամով, այսինքն՝ օրական 22 000 000 դրամ, տարեկան՝ շուրջ 8 մլրդ դրամ։ Տարեկան 8 մլրդ դրամը ստվերից կամ Ձեր գրպանից բերեք օրինակ դաշտ և դուրս եկեք մեր քաղաքացիների գրպանից։
Հ.Գ. Մի՛ վախեցեք և պատասխանեք իմ 22.02.2024թ. / N 17/02 նամակին, թե ինչպե՞ս է ձևավորվում Երևան քաղաքում ավտոբուսով ուղեվորափոխադրման ծախսերի հաշվարկ- հիմնավորումը։
Հ.Գ. Համապատասխան կառույցնե՛ր, կարո՞ղ է Ձեզ էլ «փայ» կա. չեք հետաքրքրվում այս փաստերով։
Հաջորդիվ կանդրադառնամ 2023 թվականի ծախսերի կատարողականին և ի ցույց կդնեմ ապաշնորհ պլանավորման, կառավարման դասական օրինակը»։