12/03/2024 13:38
Եթե ՀԱՊԿ-ը չպատասխանի՝ ո՞րն է իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (Տեսանյութ)
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման հարցը Նիկոլ Փաշինյանը դիտարկում է քաղաքական ու իրավական տեսանկյուններից ու հորդորում է դրանք իրար հետ չշփոթել։
«Պետք չէ քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է՝ մենք նիստերի չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք։ Դա դե յուրե որոշու՞մ է, թե՞ դե յուրե որոշում չէ։ Հարց չի ծագու՞մ՝ ինչու՞ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, ինչու՞ ՀՀ-ն չի օգտագործում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու իր քվոտան, ինչու՞ ՀՀ-ն կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ»,- ասաց նա, ապա հաջորդ հարցը հնչեցրեց՝ որքանո՞վ է այս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ ազնիվ, արդար և բարոյապես ճիշտ։
«Այդ հարցին պատասխանելու համար մեր ասելիքը չի փոխվել։ Մենք հիմա խնդրում, ակնկալում, նաև պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր հարգելի գործընկերները պատասխանեն մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,- նշեց Փաշինյանը՝ պնդելով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չի ստեղծել «ոչ մի բանում»․
«Բոլոր պրոբլեմները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել»։
Վերը նշված հարցի պատասխանը չստանալու դեպքում, Փաշինյանի խոսքով, Հայաստանը պարզապես դուրս կգա ՀԱՊԿ-ից։
«Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին և այդ պատասխանը կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի, որ ՀՀ և ՀԱՊԿ-ի միջև հարցերը հասցեագրված են, լուծված են, ամփոփված են՝ սրանից բխող հետևանքներով։ Եթե ոչ՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Երբ՝ չեմ կարող ասել»,- եզրափակեց նա։