12/03/2024 10:30
Մանկապարտեզ չենք խաղում. օրակարգը հաստատելու նպատակով անհրաժեշտ ձայներ հավաքելու համար Ավինյանը հարցը երկրորդ անգամ դրեց քվեարկության
Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, օրակարգում ներառված է 28 հարց։
«Ազգային համաձայնություն» խմբակցությունից Հայկ Թորոսյանն առաջարկեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին հրավիրել ավագանու նիստին մասնակցելու՝ որպես փորձագետ։
Առաջարկույթունը քաղաքապետ Տիգրան Ավինյանը չդրեց քվեարկության։
Օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության, 27 կողմ ձայների քվեարկությամբ նախագիծը չընդունվեց։
Քաղաքապետը դարձյալ հարցը դրեց քվեարկության։ Երկրորդ անգամ արդեն հարցին կողմ քվեարկեց ավագանու 32 անդամ և հարցն ընդունվեց։
Հարցին, թե կանոնակարգի ո՞ր կետով է Ավինյանը հարցը երկրորդ անգամ դնում քվեարկության, որպեսզի այն ընդունվի, Ավինյանը պատասխանել չկարողացավ։
«Մանկապարտեզ չենք խաղում»,-արձագանքեց Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ ավագանու նիստին զուգահեռ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում տրանսպորտի սակագնի թանկացման դեմ։