12/03/2024 21:05
Բառի բուն իմաստով՝ թալանչիական նախագիծ է, շղթայական ռեակցիայով բերելու է մյուս ծառայությունների և ապրանքների թանկացմանը․ Թևանյան
Սեպտեմբերի 1-ից տրանսպորտի գինը թանկանում է մինչև 300 դրամ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Երբ իրենք «դուխով» գլխարկներով հայտարարում էին, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», ապա սա բառիս բուն իմաստով՝ թալանչիական նախագիծ է, որը բերեցին ու անցկացրեցին։
Հաշվի առնելով այն, որ Երևանում բազմաթիվ քաղաքացիներ են օգտվում տրանսպորտից և ոչ միայն երևանցիներն են օգտվելու, կարելի է ասել՝ համապետական թանկացում է՝ մինչև 3 անգամ։ Սա այն դեպքում, երբ սոցիալական վիճակը լարված է, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել են։ Սա իր հերթին բերելու է տաքսու գնի թանկացմանը, առաքման գների, շղթայական բերելու է նաև մյուս ապրանքների և ծառայությունների թանկացմանը»,- ասաց Թևանյանը։
Նա հավելեց, որ պայքարելու են, առաջին կոչը լինելու է քաղաքացներին՝ բոյկոտել, չվճարել թանկ սակագինը։