12/03/2024 17:58
Առևտրային ցանցը պարտավոր է ունենալ պաշտոնական կայք և հրապարակել մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները․ ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք:
Միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները և ուղղորդելու նրանց մինչև կարգավորումների ուժի մեջ մտնելն իրենց վարքագիծը համապատասխանեցնել նոր պահանջներին՝ ձեռնպահ մնալով հնարավոր խախտումներից:
ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ առևտրային ցանցերի և մատակարարների միջև հանձնաժողովը դիտարկել էր շահերի որոշակի անհավասարակշռվածություն՝ պայմանավորված ցանցերի՝ մատակարարների նկատմամբ ունեցած բանակցային կամ պայմանագրային առավելությամբ, որը հաշվի առնելով՝ հանձնաժողովը էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ նախորդ տարի ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների մշակմանը:
Նոր կարգավորումներն ընդունվել են և կսկսեն գործել մայիսի 6-ից: Օրենքի կարգավորման տիրույթում կհայտնվեն այն ընկերությունները, որոնք ունեն կամ որոնց բրենդի ներքո գործում են 4 և ավելի առևտրային օբյեկտներ, և նրանց ընդհանուր շրջանառությունը գերազանցում է 3 մլրդ դրամը: Դրանց համաձայն՝ առևտրային ցանցը պարտավոր է ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները: Բոլոր պայմանագրային հարաբերությունները պետք է լինեն գրավոր:
«Սա չափացանց կարևոր է, որովհետև կլինի հստակ հետագծելիություն, և պարզ կլինի իրականում առևտրային ցանցը դրսևորել է խտրական վերաբերմունք կոնկրետ մատակարարի նկատմամբ, թե դա եղել է օբյեկտիվ չափորոշիչների վրա հիմնված, ինչն էլ հնարավորություն կտա հանձնաժողովին միանշանակորեն արձանագրելու խախտումները կամ դրանց բացակայությունը: Մյուս կողմից սրանով մենք հատկապես պաշտպանում ենք ՓՄՁ-ների մուտքը ցանցեր»,-նշել է Տիգրան Մարկոսյանը:
Առանցքային փոփոխություններից է վճարումների իրականացման համար առավելագույն ժամկետների սահմանումը՝ սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օր:
Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման և տուգանքի կիրառման:
Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները մանրամասնորեն ներկայացրեցին իրականացված օրենսդրական փոփոխությունները և պարզաբանումներ տվեցին ներկաներին մտահոգող տարաբնույթ հարցերի: Առանձին դեպքերի մասով առաջարկվեց եզրակացություն ստանալու դիմումներ ներկայացնել հանձնաժողով»։