12/03/2024 20:05
«Սբերբանկ»-ը իր ապրանքանիշը գրանցել է Հայաստանում
Ռուսաստանի խոշորագույն բանկը՝ «Սբերբանկ» ՀԲԸ-ն, իր ապրանքանիշն է գրանցել Հայաստանում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ վկայակոչելով ՀՀ մտավոր սեփականության գրասենյակին։ Բանկն իր ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացրել է 2023 թվականի մայիսի 29-ին: Գրասենյակը հայտը բավարարել է 2024 թվականի հունվարի 29-ին։
Սա դեռ չի նշանակում, որ «Սբերբանկն» ուզում է բանկային գործունեություն իրականացնել Հայաստանում։ 2016 թվականին նույն կերպ իր ապրանքային նշանը Հայաստանում գրանցել է «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը (2013 թվականին «Սբերբանկը» գնել է այդ ընկերությունը):
Բայց «Տրոյկան» երբևէ չի դիմել Հայաստանում ներդրումային ընկերության լիցենզիա ստանալու համար և այստեղ դուստր ձեռնարկություն չի բացել։
Ամենայն հավանականությամբ, գրանցումը կատարվում է, որ կողմնակի անձիք չօգտագործեն լոգոն (օրինակ, «սև» վարկային կազմակերպությունները` «Մենք կօգնենք բոլոր ցանկացողներին արագ գումար ստանալ» հայտարարություններով)։
«Սպուտնիկ Արմենիա»-ն մեկնաբանության հարցում է ուղարկել «Սբերբանկի» մամուլի ծառայություն, առայժմ պատասխան չկա։