12/03/2024 12:25
Սա է Հայաստանի Հանրապետությունը. ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին. Փաշինյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չէր, որ ասուլիսի առաջին հարցը խաղաղության պայմանագրի և Ադրբեջանի պահանջների մասին էր:
«Ես այդ հարցին պետք է համապարփակ պատասխան տամ, քանի որ կարծում եմ, որ այդ մասով կա շփոթ և թյուրըմբռնում: Եկեք նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանն ունի պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ չունի կամ հնարավոր է՝ չունի», - անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, եթե Ադրբեջանը պահանջում է Հայաստանից իրեն տալ 4 գյուղ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրեց, թե ըստ իրեն որն է Հայաստանի Հանրապետությունը. «Ես այդ հարցի համար առաջին անգամ վիզուալ պատասխան եմ նախապատրաստել: Հայաստանի Հանրապետությունը սա է (ցույց տվեց քարտեզը): Եկեք մի կողմ թողնենք Ադրբեջանին և մեր ելակետից հանդես գանք: Ասվում է, որ ՀՀ-ն պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին: Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Ադրբեջանի մամուլում հրապարակվում են անուններ, ՀՀ-ի տարածքում երբեք նման անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետ»: