12/03/2024 15:35
Եկեք գնանք, տեղում տեսնենք՝ որն ումն է, որտեղ է սկսվում Ադրբեջանի տարածքը, որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը, մենք մերժողական չենք․ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանից Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը պետք է լուծվի իրավական հենքի վրա, տարածքները կոորդինատներով որոշելուց հետո, կարծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասում ենք՝ եկեք գնանք, տեղում տեսնենք՝ որտեղ ինչ կա և որն ում տարածքն է․ որտեղ է սկսվում Ադրբեջանի տարածքը, որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը։ Ո՞ր կետում եք ուզում, որ կետում ուզում եք՝ գնանք, անենք դա, որպեսզի պրոցեսը մեռյալ տեղից շարժվի»,-այդ առնչությամբ ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։
Այս կամ այն տարածքի հարցը որոշելիս, Նիկոլ Փաշինյանի խոսքով, «պետք է գնալ, նայել դե յուրե հիմքը»։ Իսկ այդ իրավական հիմքը, ըստ նրա, «պետք է բխի արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից»։
«Հիմա, երբ մենք գնում ենք ու այդ դե յուրե գոյություն ունեցող հիմքը դարձնում ենք տեղում կոորդինատ, որը ցույց կտա, որ այդ կոորդինատից այն կողմ Ադրբեջան է, կոորդինատից այս կողմ Հայաստան է, դա նշանակում է, որ մենք գետնի վրա ենք դնում կոնկրետ իրավական բանաձև։
Եվ մենք, այո, պատրաստ ենք այդ կոնկրետ իրավական բանաձևի իրացմամբ գնալ լուծումների։
Մենք մերժողական չենք»,- իր դիրքորոշումն այսպես ներկայացրեց նա։