12/03/2024 10:06
«Հրապարակ». ՔՊ-ն կեղծ թվեր է հայտարարագրել. 600 հազար դրամ պակաս հարկ է վճարվել պետական բյուջե
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկատուին թիվ 1 հերոս հռչակած ու եկամտահարկերը վճարել չցանկացող խոպանչիներին «օդերով հանող» Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, պարզվում է, 2022 թվականին շուրջ 600 հազար դրամի հարկ է թաքցրել: Սա պարզել է աուդիտորական կազմակերպությունը՝ ՔՊ-ի պատվերով։ «Թրանս աուդիտ» ՓԲԸ տնօրեն Հայկ Մարգարյանի և առաջադրանքի պատասխանատու Նելլի Սարգսյանի կողմից ՔՊ կուսակցության ղեկավարությանը հասցեագրված «գաղտնի» մակնշմամբ նամակում, ի թիվս մի շարք դիտարկումների, ասված է.
«Հաշվետու տարվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում վարձակալական վճարների վերաբերյալ տվյալները ներկայացվել են անճշտություններով, մասնավորապես՝ հունվար, մարտ, ապրիլ և դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձակալական վճարներից եկամուտներ ստացող անձանց լրացված թվաքանակը չի համապատասխանում այդ ամիսներին փաստացի եկամուտ ստացած անձանց թվաքանակի հետ: Ինչպես նաև, հունիս և դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձավճարների ընդհանուր գումարը պակաս է հայտարարագրվել, համապատասխանաբար` 222 222 ՀՀ դրամով և 5 907 778 ՀՀ դրամով, ինչի արդյունքում կուսակցության կողմից ֆիզիկական անձանց վճարված վարձավճարների գծով պակաս է հայտարարագրվել և պետական բյուջե պակաս է վճարվել 613 000 ՀՀ դրամի չափով եկամտային հարկ»:
Այսինքն՝ ստացվում է, որ ՔՊ-ն կեղծ թվեր է հայտարարագրել, որի հետևանքով 600 հազար դրամ պակաս հարկ է վճարվել պետական բյուջե»։