12/03/2024 22:11
Ինչո՞ւ եք մարդկանց առողջությունը դնում սակարկման․ շուտով կսկսեն զբաղվել ինքնաբուժությամբ, կակտիվանա դեղերի սև շուկան, կթանկանա դեղորայքը․ Մասնագետը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին
Հիվանդների և բժիշկների համար այս իշխանություններն անընդհատ նոր խնդիրներ են առաջացնում, 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով Էլեկտրոնային դեղատոմսերի ներմուծմանը։
«Հարգելի կառավավարություն, առողջապահության նախարարությունը ձեզ խաբել է, համակարգը պատրաստ չէ։ Հենց առաջին օրը համակարգը «պառկեց», չաշխատեց… Մարտի 1-ից հետո «Արմեդ» համակարգին միացել էր 400 դեղատուն, բայց իրականում ՀՀ-ում շուրջ 2600 լիցենզավորված դեղատուն կա, ստացվում է, որ նույնիսկ չունեն գրանցված դեղատների ճիշտ քանակի մասին տեղեկություն»,- ասել է մասնագետը՝ շեշտելով, թե ինչ այլ հետևանքների է հանգեցնելու էլեկտրոնային դեղատոմսերով դեղերի բաց թողնման խնդիրը քաղաքացիների համար։
«Արդեն իսկ առկա են անսահման հերթեր պոլիկլինիկաներում, որը, այսպես շարունակվելու դեպքում, հանգեցնելու է ինքնաբուժության և դեղերի սև շուկայի ակտիվացմանը։
Դեղորայքը թանկանալու է, դրա արդյունքներն իր սպառողական զամբյուղի վրա զգալու է քաղաքացին:
Վաճառքում լինելու են զարտուղի ճանապարհով բերված և չգրանցված դեղեր։ Չկա հստակ վերահսկողություն»,- ասել է նա։
Անուշ Պողոսյանը նշել է՝ խնդիրների է բախվում և շարունակելու է բախվել նաև մարզային առողջապահական օղակը։
«Եթե որոշել եք, որ «Արմեդ» համակարգում ծառայություններն անվճար են, այդ դեպքում ինչո՞ւ են գյուղական համայնքների բուժհաստատությունները տարեկան կլորիկ գումարներ վճարում։ Ենթադրում եմ, որ հետագայում ամեն դեղատան համար վճարումներ կլինեն ոչ միայն ծառայության, այլ նաև ամեն դեղատոմսի համար։
180 օրը մեկ անգամ հիվանդը, ստիպված, պետք է գնա և դեղատոմս խնդրի իրեն բուժող բժշկից։ Մարզային բուժհաստատություններից շատերում չկան համապատասխան մասնագետները, օրինակ՝ մանկական էնդոկրինոլոգիայի մասնագետը: Ստացվում է, որ գյուղական ամբուլատորիայում չկարողանալով դեղատոմս ստանալ՝ հիվանդը պետք է գա մայրաքաղաք։
Ինչո՞ւ եք մարդկանց առողջությունը դնում սակարկման։ Ինչո՞ւ եք առողջության տեսչական մարմնի անգործությունը, դեղատների թերությունը դնում հիվանդի վրա»,- շեշտել է մասնագետը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում