13/03/2024 22:52
Առուշ Առուշանյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ալկոհոլի ազդեցության տակ վարել է «գոլդ» համարանիշերով մեքենա
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ալկոհոլի ազդեցության տակ այսօր վարել է հոր կողմից գնած գոլդ համարանիշներով մեքենան: Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի` պարեկները Առուշանյանին բռնեցրել են խմածության ամենաբարձր աստիճանով, մեքենան տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ Առուշանյանին մեկ տարով զրկել մեքենա վարելու իրավունքից: «Էս դժվար իրավիճակում փոխանակ փորձենք մի բան շտկել, մի բան առաջ տանել, միայն խոսում ենք զրոներից» ,-Aravot.am-ին ասել է Առուշ Առուշանյանը, ապա շարունակել. «Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով․ որպես կանոն, խմիչքից շատ-շատ հեռու եմ, որպես կանոն՝ խմիչքի փոխարեն միշտ նախընտրում եմ սպորտը, սա մի ռաունդ: Ինչ գրված է՝ դրանով զբաղվում են փաստաբանները, օրենքի դաշտում։ Երբ լինի վերջնական պատասխան, կտեղեկանաք այդ մասին»:
Առուշանյանից լրատվամիջոցը հետաքրքրվել է՝ այսինքն վիճարկում է մեքենա վարելու իրավունքից իրեն զրկելու որոշու՞մը , թե՞ դրա մասին տեղեկությունը, որը զրպարտություն է համարում։
«Ինչպես ասացի՝ փաստաբաններն են զբաղվում այդ հարցով: Ո՛չ ասում եմ զրպարտություն է, ո՛չ էլ ձեր մյուս թվարկածը, ես նման բան չեմ ասում, փաստաբանները օրենքի շրջանակում կլուծեն խնդիրը, ես դրանով չեմ զբաղվում»,- պատասխանել է Առուշանյանը: