13/03/2024 22:07
Գագիկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ՔԿ-ի պնդումը, թե «ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է․ Փաստաբան
Ստանձնել եմ Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված ՔՊ կուսակցության գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ենթադրյալ ահաբեկչության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Գագիկ Սարգսյանի շահերի պաշտպանությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Ի հեճուկս ՀՀ Քննչական Կոմիտեի տարածած տեսանյութի և պահպանելով նախաքննության գաղտնիությունը` ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, մեր գնահատմամբ՝ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գ. Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «... ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է։
Լիահույս ենք` հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու և կալանքի հիմքերի բացակայության պայմաններում առաջիկա ժամերին դատարանը կմերժի կալանավորման միջնորդությունը»,- գրել է փաստաբանը սոցցանցի իր էջում։