13/03/2024 09:42
«Հրապարակ». Դեռ չի պարզաբանվել, թե ինչու է կառավարությունը մերժել արցախցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Արցախի խորհրդարանի կատարած փոփոխությանը, համաձայն որի՝ այն արցախցիները, ովքեր ուզում են այսօր ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան վերցնել: Հատկապես որ ոմանք չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ և շարունակել կուտակել կենսաթոշակային ֆոնդերում, որ «արժանապատիվ ծերություն» ունենան: Գրել էինք, որ պատկան կառույցը՝ ԿԲ-ն, որը պետք է կազմակերպեր այդ գործընթացը, ձեռքերը լվացել է։ Մեր հարցին էլ պատասխանել էին, թե խնդիրն իրենց իրավասության տիրույթում չէ։
Տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավը դիմել է ԿԲ-ին` առաջարկելով կարգ մշակել, որով կվերադարձնեն արցախցիների գումարները՝ 2019-23 թթ․ կուտակած։ ԿԲ-ն պատասխանել է, որ կառավարության հետ պետք է համաձայնեցնի հարցը, և դիմել է արցախցիների հարցերով զբաղվող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:
Օրեր անց ստացել են պատասխան, որ այդ հարցով շրջաբերական է ուղարկվել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, և մեծամասնությունը կողմ չէ այդ գործընթացին։ Մենք օրերս խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին, որը հասցեագրվել է ֆինանսների նախարարությանը։ Հուսանք, որ պատասխանում կներկայացնեն մերժման պատճառները»։