14/03/2024 19:24
Ի՞նչ անել հարբուխով չվարակվելու համար, եթե տանը հիվանդ կա
Հարբուխը վերին շնչուղիների վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է քթի խոռոչը։ Ըմպանը, հարքթային ծոցերը և կոկորդը նույնպես կարող են ախտահարվել։ Հարբուխն ուղեկցվում է դողով, բարձր ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով, մկանների և հոդերի ցավով։
Հիվանդության հարուցիչը բավականին ագրեսիվ է և արագ է բազմանում ու տարածվում։ Երբ գրիպով հիվանդը խոսում է, հազում կամ փռշտում, քթից, կոկորդից ու բերանից դուրս եկող մանրագույն կաթիլները արագ տարածվում են մինչև 3 մետր հեռավորությամբ, և առողջ մարդիկ, շնչելով դրանք, վարակվում են։
Հատկանշական է, որ գրիպի վիրուսն ավելի արագ է նահանջում՝ պայմանավորված շրջակա միջավայրի պայմաններով։ Տաք, չոր եղանակին, երբ ջերմաստիճանը բարձր է, արևի լույսն ու ճառագայթներն՝ ավելի ուժեղ, վիրուսը շուտ է վերանում։ Եվ հակառակը, ձմռանը, երբ ջերմաստիճանը ցածր է, խոնավության մակարդակը՝ բարձր, այն ավելի կայուն է մնում։
Մարդիկ ձմռանը գրիպով ավելի հաճախ են հիվանդանում նաև մրսելու հետևանքով, սակայն մեծ դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ ցուրտ եղանակին բնակարանները կամ աշխատասենյակները հաճախ չեն օդափոխվում, թարմ օդը չի թափանցում ներս։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է, անկախ եղանակային պայմաններից, հաճախ օդափոխել ինչպես բնակարանը, այնպես էլ աշխատասենյակը։
Իսկ ի՞նչ անել, եթե ընտանիքի անդամներից մեկնումեկն արդեն հիվանդացել է հարբուխով։ Հնարավո՞ր է արդյոք խուսափել վարակվելուց։ Մի քանի տարրական կանոններ կան, որոնք պահպանելու դեպքում գրիպը կարող է շրջանցել ձեզ, նույնիսկ եթե տանը հիվանդ կա։
Գրիպով հիվանդին պետք է «մեկուսացնել» առանձին սենյակում։
Առանձին սպասք է պետք հատկացնել հիվանդին, ինչպես նաև հիգիենայի առանձին պարագաներ՝ սրբիչներ, թաշկինակներ, սպիտակեղեն և այլն։ Հիվանդի սպասքը պետք է տանն օգտագործվող սպասքից առանձին լվանալ՝ տաք, հոսող ջրի տակ՝ լվացող միջոցներով, որից հետո ողողել եռման ջրով։
Հիվանդի սենյակը պետք է «խոնավ» եղանակով մաքրել՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ։
Բնակարանը, ինչպես նաև սենյակը, որում պառկած է հարբուխով հիվանդը, պետք է հաճախակի օդափոխել՝ մինչ այդ հոգալով, որ նա տաք փաթաթվի՝ չմրսելու համար։
Հիվանդին խնամելիս պետք է դիմակ կրել, փոխել այն՝ յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ։
Ինչ վերաբերում է «անվտանգության» ընդհանուր կանոններին, ապա ձմռան սեզոնին, երբ գրիպով հիվանդանալու ռիսկը մեծ է կամ արդեն հայտնի է համաճարակի բռնկման մասին, պետք է խուսափել հաճախակի մարդաշատ վայրեր՝ թատրոններ, համերգներ կամ այլ միջոցառումների այցելելուց։ Նախընտրելի է ավելի հաճախ զբոսնել թարմ, մաքուր օդին։