14/03/2024 11:51
Վրացական կողմի հետ քննարկվում են սահմանազատման հարցով համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները․ ԱԳՆ (factor.am)
Հունվարին Վրաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվել են և հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ պարզելու՝ արդյո՞ք Փաշինյանի այս հանձնարարականի շրջանակներում որևէ քայլ կատարվո՞ւմ է, և ինչո՞ւ է որոշվել հենց այս փուլում պայմանավորվել և իրականացնել Վրաստանի հետ սահմանազատում։
Վարչապետի աշխատակազմը հարցումը վերահասցեագրել էր Արտաքին գործերի նախարարությանը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից հարցին ի պատասխան հայտնել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը մեկնարկել է 1995 թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջկառավարական պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովներ։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորված ընդհանուր ընկալումից զատ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։
Հարցման մեջ նշվում է, որ այլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ «Վրացական կողմի հետ քննարկվում են համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները և հանձնաժողովների աշխատանքների մասին տեղեկությունը կներկայացվի պատշաճ ժամկետում»,- պատասխանել են գերատեսչությունից՝ չհստակեցնելով որևէ ժամկետ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։