14/03/2024 11:11
ԵԽ բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը. այս բանաձևը հանրային քննարկման առարկա պետք է դառնա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Եվրախորհրդարանը երեկ ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս բանաձևը անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը։
«Այս բանաձևով ԵԽ-ն արձանագրել է Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ այս բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։
«Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը, ու հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն ԵԽ-ից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունն ու ԱԺ-ն»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը կամք ունի՝ շարունակել աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման ուղղությամբ։