15/03/2024 22:32
Հոգեբանները մասսայական էյֆորիան վտանգավոր են համարում
Անզուսպ ուրախության, լիակատար գոհունակության, հրճվանքի, շրջապատող մարդկանց հետ լիակատար միասնության համընդգրկուն զգացում․ մասսայական էյֆորիան այսպես է արտահայտվում, և դրա ազդեցության տակ գտնվող մարդկանց զանգվածը, հուզական այս ֆոնի ներքո, կորցնում է իրականությունը, ինչպես նաև իր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները ադեկվատ գնահատելու կարողությունը։
Զանգվածային էյֆորիան պատում է այն մարդկանց, ովքեր, որևէ կարևոր իրադարձությամբ պայմանավորված՝ գտնվելով նույն տարածությունում, նույնական էմոցիաներ են ապրում։ Էյֆորիայի ազդեցության ներքո մարդկանց հոծ զանգվածը վանկարկում է, ծափահարում, երգում, գրկախառնվում մյուսների հետ, այսինքն, մարդկանց զանգվածն ուրախության ու հրճվանքի նույնանման դրսևորումներ է ցուցադրում։
Հոգեբանության մեջ էյֆորիայի երևույթը բավականին ուսումնասիրված է։ Առավել վտանգավոր է համարվում զանգվածային էյֆորիան, որն, ինչպես արդեն նշվեց, բնորոշվում է իրականությունը ճիշտ գնահատելու ունակության կորստով, ինչպես նաև ինքնատիրապետման կորստով։
Ինչպես բացատրում են հոգեբանները, էյֆորիա ապրող մարդու օրգանիզմում հորմոնների՝ օքսիտոցինի, էնդորֆինի, դոֆամինի, սերոտոնինի կտրուկ ակտիվացում է տեղի ունենում, օրգանիզմն ավելի շատ էներգիա է սպառում, բացի այդ, էյֆորիային հատուկ ուրախության, գոհունակության զգացումներից մարդը կախվածության մեջ է հայտնվում, ցանկանում է, որ համատարած էյֆորիան, որի կրողն ու «մասնակիցը» նաև ինքն է, հնարավորինս երկար շարունակվի, ուստի իր վարքով ու գործողություններով հրահրում է համապատասխան իրավիճակներ։ Նույնը կրկնում են նաև էյֆորիայից կախվածության մեջ հայտնված նրա «համախոհները»․ արհեստականորեն երկարաձգելով էյֆորիկ իրավիճակը՝ մարդիկ, համապատասխանաբար, ավելի ու ավելի են հեռանում իրականությունից ու իրենց շուրջը տեղի ունեցողը համարժեք գնահատելու կարողությունը զրոյական է դառնում։
Հոգեբանները մասսայական էյֆորիան վտանգավոր են համարում մի շարք այլ պատճառներով ևս, որոնցից հիմնականներն են.
Սեփական արարքների նկատմամբ պատասխանատվության իսպառ կորուստը
Մարդկային զանգվածի մոտ էյֆորիա առաջացրած հիմնական դերակատարի կամ դերակատարների կողմից ամբոխի էքստազն ամենաբարձր աստիճանին պահելու և այն հնարավորինս երկարաձգելու համար խթանող գործոնների կիրառումը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով
Փոխզիջման և առողջ բանականության բացակայության պայմաններում էյֆորիա առաջացրած հիմնական դերակատարի կամ դերակատարների կողմից ամբոխին հեշտությամբ կառավարելու և նրան ցանկացած արարքի դրդելու վտանգը
Միայն իմպուլսներով ու հույզերով առաջնորդվող մարդկանց զանգվածի մոտ կառուցողական մտածելակերպի իսպառ կորուստը․ զանգվածային էյֆորիայի մեջ գտնվողների մտքերն ու գաղափարները, պայմանավորված ընդհանուր հուզական վիճակով, պրիմիտիվ են, օբյեկտիվ մտածելակերպի պահպանումը և իրականությանը համարժեք արձագանքելու կարողությունը մասսայական էյֆորիայի ժամանակ չափազանց նվազ են, երբեմն նաև՝ զրոյական
Իսկ ինչպե՞ս է արտահայտվում հակառակ երևույթը՝ դիսֆորիան
Ցածր և անկումային տրամադրություն, հիասթափվածության ու հուսահատության, կորցրածը հետ բերելու անհնարինության համակող զգացում, նյարդային լարվածություն, տագնապ, նաև ագրեսիա, մեղքի զգացում, անվերջ ինքնաքննադատություն։ Դիսֆորիան, որն էյֆորիայի հակառակ երևույթն է, այսպես է արտահայտվում։
Հոգեբաններն զգուշացնում են՝ եթե այդ հոգեվիճակը երկար ժամանակ է շարունակվում և եթե համակել է մեծ թվով մարդկանց, այն հաղթահարելը բավականին բարդ է, հատկապես, եթե կյանքում, շրջապատող իրականության մեջ, չկան կամ չեն ստեղծվում դիսֆորիան հաղթահարելուն նպաստող նախադրյալներ, իսկ հարազատները, մտերիմներն ու ընկերները, որոնք կարող են հոգեկան նման վիճակում հայտնվածին օգնության ձեռք մեկնել, իրենք էլ այդ վիճակում են հայտնվել։ Դիսֆորիան հաղթահարելը շատ ավելի դժվար է հատկապես որոշակի ժամանակահատված էյֆորիայի մեջ ապրած մարդկանց համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն