15/03/2024 18:55
«Հայաստանի համար ընբռնելի է սահմանազատման ընթացքում էքսկլավ/անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը». Վարչապետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության համար ընբռնելի է սահմանազատման ընթացքում էքսկլավ/անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը՝ որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու մոտեցումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, դեռեւս Նիկոլ Փաշինյանի ասուլիսից առաջ, ուղարկված հարցմամբ լրատվամիջոցը խնդրել է ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի մամուլի ծառայության մարտի 9-ի հայտարարության վերաբերյալ, որով պահանջ էր դրվել անհապաղ Ադրբեջանին հանձնել 4 գյուղեր։ Հատկապես ո՞ր թվականի քարտեզներով կամ ի՞նչ փաստաթղթերով է առաջնորդվում ադրբեջանական կողմը նման պահանջ ներկայացնելիս։ Արդյոք կողմերի միջև ձեռք բերվե՞լ է համաձայնություն, թե որ թվականի քարտեզների հիման վրա է կատարվելու սահմանազատումը։
Միաժամանակ, հարցման մեջ լրատվամիջոցը հիշեցրել է ադրբեջանական կողմի հայտարարությունն առ այն, որ չեն պատրաստվում դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից քանի դեռ չի կատարվել, սահմանազատումը, ուստի հետաքրքիր էր, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է հանձնել որևէ բնակավայր կամ տարածք՝ նախքան սահմանազատում իրականացնելը։
Պատասխանն ստացվել է վարչապետի գրասենյակից, որտեղ հղում է արվել Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի ասուլիսին՝ նշելով, որ Հայաստանը հավակնություն չունի իր միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։
Անդրադառնալով Տավուշի բնակավայրերին՝ աշխատակազմից հայտնել են, որ խնդրո առարկա հատվածում անհրաժեշտ է տեղորոշվել, թե որտեղ է սկսվում ՀՀ տարածքը։ «Այդ տեղորոշումը պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա և ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է լինի ՀՀ տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանական Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ սահմանի ողջ երկայնքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գնալ լուծումների։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նույն բանաձևով գնալ լուծումների նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում