15/03/2024 09:55
«Ժողովուրդ». Հերթական հայցը կներկայացվի դատարան՝ ընդդեմ Երևանի ավագանու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հերթական հայցը կներկայացվի դատարան՝ ընդդեմ Երևանի ավագանու: Այս անգամ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը:
Այսպիսով, դեռ փետրվարի 7-ի նիստում, Երևանի ավագանու որոշմամբ, ընդդիմադիր 3 անդամ՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը, իսկ «Ազգային առաջընթաց»-ից՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, զրկվեցին մանդատներից:
Ավագանու որոշման հիմքում անհարգելի բացականերն էին և նախագծերի քվեարկություններին չմասնակցելը, որոնք եղել են բացառապես քաղաքական նպատակներով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է հայց ներկայացնել՝ ընդդեմ այս որոշման, և վիճարկել Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։
«Ավագանու անդամին մանդատից զրկելն ապօրինություն է, զոռբայություն: Մենք վիճարկելու ենք սա. երբ հարցը ներկայացնենք, կհայտարարենք այդ մասին», – մեզ հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան»-ը ևս հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշման»։