15/03/2024 12:20
ՀՀ-ն գերակտիվ ջանքեր է գործադրել, որ ՀԱՊԿ-ը գնահատական տա մեզ հետ տեղի ունեցածին. ջանքերը չեն պսակվել հաջողությամբ. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատեց՝ Հայաստանը սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ում։
«Ցավոք սրտի, այն պայմաններում, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեն փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա։ Սա հարցեր է առաջացնում հայկական կողմում։ Եվ քանի դեռ այս հարցերի պատասխանները չունենք, մեր մասնակցությունը որոշակիորեն սառեցրել ենք»,- Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Միրզոյանը։
Նա ասաց, թե Հայաստանը գերակտիվ ջանքեր է գործադրել, որ ՀԱՊԿ գործընկերների հետ ձևակերպվի այն նվազագույն փոխընդունելի ձևակերպումը, որով կարելի էր անդրադառնալ Հայաստանի հետ տեղի ունեցածին։
«Ի վերջո, տեսել ենք, որ այդ ջանքերը չեն պսակվում հաջողությամբ»,- նշեց նախարարը։