15/03/2024 10:01
«Հրապարակ». ՔՊ խմբակցության նիստում քննարկվել է, թե ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնը ով է զբաղեցնելու
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չորսուկես ժամանոց փակ քննարկում է արել: Թվում է` մեկ թեմա պետք է քննարկվեր՝ երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերները և Տավուշից հանձնվող տարածքների խնդիրը, բայց քննարկվել է մեկ պաշտոնի հարց, թե ով պետք է զբաղեցնի ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի՝ նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պաշտոնը: Պարզվում է` հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը ենթադրում է ծառայողական ավտոմեքենա, վարորդ, մոտ 200 հազար դրամի հավելյալ աշխատավարձ, շատերի համար ավելի գայթակղիչ է, քան հարյուրավոր կիլոմետրերի հասնող տարածքները, որոնք Փաշինյանն ուզում է հանձնել Ադրբեջանին: Այս պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ում Վահագն Ալեքսանյանն է առաջադրել, Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը, իսկ Հովիկ Աղազարյանն ինքնառաջադրվել է։ Թունյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուսները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց տեսլականը, թե ինչ քաջագործություններ են անելու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում, պատասխանել են գործընկերների հարցերին:
Փակ քվեարկությամբ ամենաշատ ձայները հավաքել է Ծովինար Վարդանյանը՝ 28 ձայն, Ա. Մանավազյանը՝ 21, իսկ Աղազարյանը՝ 5 ձայն: ՔՊ-ականները շոկի մեջ են ընկել Արուսյակ Մանավազյանի ձայների քանակից, որի «ձայնն» ԱԺ-ում այս ընթացքում ոչ ոք չի լսել, բայց հասկացել են, որ Փաշինյանի և նրա կնոջ հետ մտերմությունը, նրանց ընտանեկան ֆինանսները կառավարելը, իսկ վերջերս նաև ՔՊ կուսակցության ֆինանսները տնօրինելն իրենց դերը խաղացել են, և «Հայկական ժամանակի» նախկին գանձապահը վայելում է առաջնորդի անվերապահ վստահությունը»։