16/03/2024 20:33
Վարքագծի դրսևորումներ, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ մարդը ներքուստ հավասարակշռվա՞ծ է, թե՞ ոչ
Հոգեկան առողջությունը միայն հոգեկան հիվանդությունների կամ շեղումների բացակայությունը չէ։ Կան վարքագծի որոշակի կանոններ, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ մարդը ներքուստ հավասարակշռվա՞ծ է, թե՞ այս կամ այն պատճառով խախտվել է նրա և արտաքին աշխարհի միջև եղած հարմոնիան։
Հոգեբաններն առանձնացնում են այն հատկությունները, որոնք բնորոշ են հոգեպես առողջ մարդկանց:
Հոգեպես առողջ մարդիկ հասկանում են, որ տրամադրության փոփոխությունները բնական են և օրինաչափ․ ուրախությունն այնպես, ինչպես տխրությունը, անխուսափելի են ու կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Հոգեպես առողջ մարդը գիտակցում է, որ բացասական էմոցիաները ոչ միայն անխուսափելի են, այլ նաև՝ հաղթահարելի, իսկ եթե թախիծն ու վատ տրամադրությունը շատ երկար են ձգվում, նրանք չեն ինքնամեկուսանում, ընդունում են մերձավորների օգնությունը և հոգեբանին դիմելը չեն համարում «հանցագործություն»։
Հոգեպես առողջ մարդիկ գնահատում են կյանքը, սիրում են այն և գոհ են, որ ապրում են։ Նրանց մոտ դրական էմոցիաները գերազանցում են բացասականներին, նրանք ապակառուցողական վարք չեն դրսևորում, սիրում են ուրախանալ, կարողանում են սիրել, հասկանում են, որ ունեն սխալվելու իրավունք և իրավիճակը կարողանում են գնահատել տարբեր կողմերից, ինչը նշանակում է նաև, որ ինքնախարազանմամբ չեն զբաղվում։
Հոգեպես առողջ մարդիկ իրենց հասարակության անդամ են համարում։ Նրանք չեն տառապում միայնությունից, չեն խուսափում մարդկանցից, իրենց համարում են սոցիումի իրավահավասար անդամ, որն իր ներդրումն ունի սոցիումի ընդհանուր կյանքում կամ այդ կյանքի դրսևորումներում։
Հոգեպես առողջ մարդիկ իրենք են կառավարում իրենց կյանքը։ Անհաջողությունների, նույնիսկ մեծ ձախողումների դեպքում մինչև վերջ չեն հիասթափվում, կարողանում են ուժ գտնել՝ հավաքելու մտքերը, քայլ անելու՝ անհաջողությունը հաղթահարելու կամ նվազագույնը կյանքի հաջորդն փուլ մտնելու համար, այդ ընթացքում հավելյալ փորձ են կուտակում, որն օգտագործում են որպես քաղած դաս՝ նմանատիպ իրավիճակներու կրկին չհայտնվելու կամ հայտնվելու դեպքում՝ դրանք ավելի հեշտ հաղթահարելու համար։
Հոգեպես առողջ մարդիկ կարողանում են ասել «ոչ»։ Դա չի նշանակում բացառել ամեն ինչ և ամեն մեկին։ «Ոչ» ասելու կարողությունը այն սահմանն է, որոնք իրենք իրենց համար և իրենց շուրջ կարողանում են գծել հոգեպես առողջ մարդիկ։ Նրանք կարողանում են ոչ միայն արժանվույնս պաշտպանել այդ սահմանը, այլև այդպիսով ապացուցում են, որ անհատականություն են՝ ընդհանուր հասարակության մեջ։
Հոգեպես առողջ մարդիկ առողջ հարաբերություններ են կառուցում շրջապատի հետ։ Հոգեկան կայուն վիճակում գտնվողները շրջապատի նկատմամբ հոգատար են, բայց նաև՝ արդարամիտ, ինչը նշանակում է, որ նրանք գնահատում ու հարգում են արժանավորներին, իսկ ոչ արժանավորների վրա ավելորդ ռեսուրս չեն ծախսում, ինչպես նաև ունակ են վերանայելու իրենց հարաբերությունները այլ անձանց հետ, եթե նրանք «սպառնում են» իրենց հոգեկան հավասարակշռությանը։ Հոգեպես առողջ մարդիկ այդ բոլոր պոցեսներն անցնում են հանգիստ, առանց ավելորդ հուզականության։
Հոգեպես առողջ մարդիկ բոլոր համար «լավը լինելու» կարիք չեն զգում, իրենց գործողություններում չեն առաջնորդվում այլոց անպայման դուր գալու մղումով կամ ցանկությամբ՝ գիտակցելով, որ շրջապատում ցանկացած պարագայում կգտնվի ինչ-որ մեկը, ում ինքը կարող է դուր չգալ։ Եթե մարդը հոգեպես առողջ է, չի անցնում սեփական «ես»-ի վրայով՝ ինչ-որ մեկին անպայման դուր գալու կամ հաճելի թվալու համար։
Հոգեպես առողջ մարդիկ նաև առողջ ինքնագնահատական ունեն։ Ամուր ու կայացած ներաշխարհ ունեցող մարդիկ քաջ գիտակցում են, որ յուրաքանչյուր անձ արժեքավոր է՝ յուրովի, այդ պատճառով իրենք իրենց առջև անհաղթահարելի պահանջներ չեն դնում, լավ գիտակցում են սեփական հնարավորությունները և կյանքից ինչ-որ կոնկրետ բան չստանալիս ողբերգություն չեն սարքում, չեն տառապում, օրինակ, որ չունեն մոդելի կազմվածք կամ Քեմբրիջի համալսարանի դիպլոմ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն