16/03/2024 11:39
Ազդարարման մեխանիզմների կատարելագործում, անանունության ապահովում. քննարկվել են համապետական արշավի նոր բաղադրիչները
Արդարադատության նախարարությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ գործակցությամբ, նախաձեռնել էր ազդարարման համապետական արշավի համակարգման հանդիպում՝ նպատակ հետապնդելով ամրապնդել ազդարարման խթանման ուղղությամբ գործադրվող միասնական ջանքերը:
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքում նշել է, որ Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը` կոռուպցիայի դեմ հանրային անհանդուրժողականության դրսևորումը, կոռուպցիայի դեմ պայքարի դեռևս կարևորագույն հիմնաքարարերից մեկն է, որը ենթադրում է հասարակության կողմից ոչ միայն գախափարական աջակցություն, այլ նաև կոռուպցիոն երևույթներին դեմ պրոակտիվ արձագանքում։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս գաղափարի իրագործման տեսանկյունից իր ուրույն տեղն ունի ազդարարման ինստիտուտը, որը ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում կարևոր և գործուն մեխանիզմ է՝ մեկտեղելու հասարակության և պետության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ազդարարման համակարգի հետագա կատարելագործումը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր և անկյունաքարային բաղադրիչներից մեկն է, ինչի նպատակով նախատեսվել են համապատասխան միջոցառումներ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման գործողությունների ծրագրում։
Արդարադատության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Կառավարության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերը նպաստելու են ոչ միայն ազդարարման համակարգի կայացմանն, այլ նաև կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանն ընդհանուր առմամբ։
Միջոցառումը միտված էր համախմբել հակակոռուպցիոն ոլորտում առանցքային դերակատարում ունեցող շահառուներին՝ նախանշելու Հայաստանում ազդարարման համակարգի ամրապնդմանն ուղղված միասնական գործողությունների իրականացման շրջանակը: Համակարգման միջոցառումը ծառայել է որպես ազդարարների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումների քննարկման, ինչպես նաև՝ ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարթակ:
Հանդիպմանը մասնակցել են Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, այլ շահագրգիր մարմինների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարիների փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ազդարարման արշավին ներգրավված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Համակարգման հանդիպման ներկաներն ընդգծել են նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ արշավի հետապնդած՝ իրազեկման բարձրացման տեսանկյունից կարևորելով համակարգված և թիրախային միջոցառումների իրականացման կարևորությունը: