16/03/2024 19:17
Այո, Հայաստանում դատարանները քաղաքականացված են և կոռումպացված․ Արմեն Աշոտյան
Քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Կարեն Եսայանը հարցրել է․ «Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»։
«Իմ նկատմամբ իրականացվում է անթաքույց, լկտի և փնթի քաղաքական հետապնդում, ուստի նիկոլական դատարաններից որևէ ակնկալիք, որը կհակասի վերևից իջեցված քաղաքական պատվերին, չունեմ։ Հայաստանի դատական համակարգի ողբալի վիճակն այնքան աղաղակող է, որ տեղ է գտել նաև բազմաթիվ միջազգային զեկույցներում։
Այո, Հայաստանում դատարանները քաղաքականացված են և կոռումպացված, և սա ակնհայտ է ոչ միայն իմ գործով, այլև Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, մյուս քաղբանտարկյալների։ Ինչպես նաև երրորդ, երկրորդ նախագահների նկատմամբ աղմկահարույց քրեական գործերի, այլ բազում օրինակներով։
Թե ոնց է աշխատում իրավապահ համակարգը Հայաստանում, ի ցույց դրվեց նաև ադրբեջանցի դիվերսանտի օրինակով։ Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ նրան մեղադրեցին Քր. Օր.մի շարք լրջագույն հոդվածներով, հետո մեղադրանքները հօդս ցնդեցին, իսկ նա ազատ արձակվեց` «բարի կամքով»։
Այստեղից երկու հիմնական եզրահանգում.
1) Հայաստանի իշխանությունները «բարի կամքով» կարող են միացնել կամ անջատել ցանկացած մարդու նկատմամբ ցանկացած քրեական գործ։
2) Ներկայիս Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտ լինելն ավելի ողջունելի է և ապահով, քան հայ ընդդիմադիր»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։