16/03/2024 17:31
Ես պատրաստ չեմ զոհաբերել Հայաստանը՝ հանուն աշխարհում ժողովրդավարության հաղթանակի. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ)
«Մեր իշխանությունները նման են կազինոյում խաղացող խաղամոլի, որ դրույք է դնում ինչ-որ մի ելքի վրա․ այս դեպքում, որ Արևմուտքը կհաղթի, մեզ օգնություն կտրամադրի, կերաշխավորի մեր անվտանգությունը: Ոչ ոք երբևիցե կարողություն չի ունեցել կանխատեսելու աշխարհաքաղաքական կոնֆլիկտի ելքը: 1916 թվականին գերմանացիները հաղթում էին, հետո պարտվեցին, 1941 թվականին թվում էր՝ ոչ ոք չի կարողանա կանգնեցնել Հիտլերի բանակին, բայց ջախջախեցին»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մեր ժամանակներում այս գործընթացում հնարավոր է, որ Արևմուտքը վերահաստատի իր հեգեմոնիան, բայց և հնարավոր է, որ պարտվի։ Շատ կարևոր է հասկանալ, որ եթե մենք նման բարդագույն վիճակում, միջազգային ցունամիում դրույքներ կատարենք, դա ուղիղ հարված է լինելու մեր անվտանգությանը, անգամ կարող է մեր գոյությունը հարցականի տակ դնել: Սա մի բաց խաղ է, որի դեպքում ոչ ոք չի կարող կանխատեսել ելքը:
Իհարկե, ժողովրդավարությունը բոլորիս համար էլ թանկ արժեք է, բայց եկեք հասկանանք՝ մենք պատրա՞ստ ենք հանուն ժողովրդավարության զոհաբերել հայ ազգին:
Իշխանության պահվածքը հետևյալն է՝ զինվորագրվել ենք ժողովրդավարության ճամբարին և պատրաստ ենք կռվել այդ գաղափարների համար:
Ես պատրաստ չեմ զոհաբերել Հայաստանը՝ հանուն աշխարհում ժողովրդավարության հաղթանակի։ Եթե որոշում ենք, որ գաղափարական առաջամարտիկ ենք լինելու, պատրաստ լինենք, որ առաջինն էլ սպանվելու ենք»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում