16/03/2024 16:13
Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք, Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ չենք ընդունել, որ ստիպված չլինենք ներգրավվել հակամարտությանը․ Իտալիայի ԱԳ նախարար
Իտալիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Անտոնիո Տայանին ասել է, որ ՆԱՏՕ-ում ոչ ոք երբեք չի խոսել Ուկրաինայի հակամարտությանն ուղղակի ներգրավվելու մասին՝ հասկանալով նման քայլի հետևանքները։
«ՆԱՏՕ-ում ոչ ոք երբեք չի խոսել ուղղակի ներգրավման մասին, մենք լավ գիտենք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ դա, գիտակցում ենք միջուկային էսկալացիայի ռիսկը։ Ավելին ասեմ․ ՆԱՏՕ-ում որոշում է ընդունվել, որ Ուկրաինան դաշինքին կարող է միանալ միայն հակամարտությունն ավարտվելուց հետո, որովհետև եթե անհապաղ միանար, մենք ստիպված կլինեինք միջամտել՝ հարձակման ենթարկված դաշինքի երկրին պաշտպանելու համար»,- ասել է Տայանին՝ Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։
«Մենք հենց սկզբից Ուկրաինային օգնել ենք ֆինանսապես, ինչպես նաև զինամթերք ենք տրամադրել, բայց մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք, այս հակամարտությունում մեր զինծառայողների ներգրավման մասին խոսք չի գնում»,- հավելել է Իտալիայի փոխվարչապետը: