16/03/2024 16:30
Ճակատագրի, թե պատմության հեգնանք է, բայց հայերս օգնել ենք Ալիևների կլանին վերարտադրվել, մնալ իշխանության․ Կարեն Միրզոյան (Տեսանյութ)
«Ընկալումը, թե հայ-թուրքական հարաբերությունների միակ խոչընդոտը Արցախն էր, և եթե Արցախից ձերբազատվենք, ամեն ինչ կհարթվի, իհարկե, սխալ էր։ Մի ստվար զանգված էլ կա, որ ասում է՝ Ռուսաստանի շուկաներում և Վրաստանում շատ լավ հարաբերվում ենք ադրբեջանցիների հետ։ Ես էլ կարող եմ ասել, որ Խորհրդային բանակում ծառայելու տարիներին բաքցվեցի շատ լավ ընկերներ եմ ունեցել, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան, անձնական մակարդակում կարող են խնդիրներ չլինել, հարցը երկու ազգերի հարաբերությունների մասին է: Հայ ժողովրդի և թյուրքական ժողովուրդների միջև այս տարածաշրջանում, նրանց հայտնվելուց ի վեր, միշտ էլ եղել են որոշակի խնդիրներ:
Համոզել, թե խնդիրը միայն Արցախում էր և Արցախով էր պայմանավորված, ինքնախաբեություն է կամ ժողովրդին մոլորեցնելու փորձ»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
«Որպես ժողովուրդ ձևավորվելու գործընթացում յուրաքանչյուր ժողովրդի հարկավոր է ինչ-որ մի առանցք։ Կան ժողովուրդներ, որ որպես առանցք ընդունել են իրենց հավատքը, կան ժողովուրդներ, որ որպես առանցք ընտրել են դիմակայությունը թշնամու հետ: Ադրբեջանը գնաց հենց վերջին ճանապարհով. ադրբեջանական ազգը սկսեց ձևավորվել հայի հանդեպ ատելությամբ։ Հայի թշնամական կերպարի շնորհիվ Ալիևների կլանը մնում է իշխանության: Ճակատագրի, թե պատմության հեգնանք է, բայց հայերս օգնել ենք Ալիևների կլանին վերարտադրվել, մնալ իշխանության։
Ընդհանրապես ցանկացած բռնակալական ռեժիմ ունի թշնամու կարիք, քաղաքացին միշտ պետք է զինվորի պես զգոն լինի և պատրաստ լինի հրաման կատարելու, եթե չկա թշնամի, զինվորը թուլանում է»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում