16/03/2024 20:51
Փաշինյանը հլու-հնազանդ համաձայնվում է սահման փոխել, քանդել Հայաստանի դիրքերը Տավուշում՝ նոր ստրատեգիական մարտահրավերներ բերելով մեր գլխին․ Աշոտյան
Քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Նարինե Եսայանը հարցրել է․ «Ադրբեջանը պահանջում է Տավուշի 4 գյուղ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ զարգացումներ տեղի կունենան»։
«Կասկած չունեմ, որ այս տեմպերով Փաշինյանը հանձնելու է այդ 4 գյուղերը՝ դիմացը ոչինչ չստանալով։ Նա շարունակելու է հլու-հնազանդ կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Պատահական չէ, որ Նիկոլը«ավետեց» նաև, որ դեմարկացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Դա հայ-ադրբեջանական սահմանի միակ հատվածն է, որն անփոփոխ է մնացել 2018-ից հետո, որտեղ «նախկինների» օրոք ստեղծված պաշտպանական գծերը կան, ամուր են, համեմատաբար ապահովված են և նորմալ կահավորված։ Մնացած սահմանային հատվածների անմխիթար վիճակի մասին չխոսեմ…
Եվ ահա Տավուշում Ալիևը պահանջում է սահման փոխել, բնականաբար, բարելավելով սեփական դիրքերը և նոր հիմնարար խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։ Չէ՞ որ հայկական կողմից ավելի տրամաբանական կլիներ հնչեցնել այլ հատվածներում սահմանների դելիմիտացիայի առաջնայնությունը, օրինակ՝ Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք․ այնտեղ, որտեղ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այնինչ Նիկոլը համաձայնվում է քանդել Հայաստանի դիրքերը Տավուշում՝ նոր ստրատեգիական մարտահրավերներ բերելով մեր գլխին։
Ո՞ւր է շտապում, չէ՞ որ, ըստ իրեն, Արևմուտքը արդեն պատրաստ է մեզ պաշտպանել, չէ՞ որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, ըստ իրեն, ապահովում է մեր սահմանների անձեռնմխելիությունը։
Իրականում Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որը պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք` խաղատունը լքելու և գոնե եղածը այս փուլում պահպանելու փոխարեն»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։