16/03/2024 20:16
Ունենք որոշակի մտավախություններ՝ կրթական հիմնարկներում թմրամիջոցների շրջանառության հետ կապված․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը: Վերջինիս մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ու գիտության հիմնական բարեփոխումները և Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը խոսել է նախադպրոցական կրթության որակի բարձրացման, 3-5 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավվածությանը` ավելացնելով, որ 2019 թվականին մանկապարտեզներ են հաճախել վերը նշված տարիքի երեխաների 64 տոկոսը, իսկ 2023-ին` 71 տոկոսը: Նախարարի խոսքով` աճը պայմանավորված է իրականացված բարեփոխումներով, նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացմամբ, ինչպես նաև կառավարության 500 մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրով: Հաջորդիվ նախարարն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչի ազդեցությանը կրթության որակի վրա, հանրակրթության կառավարմանը, ֆինանսավորման համակարգին, կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, վարձատրության քաղաքականությանը, ինչպես նաև բարձրագույն կրթության որակի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև Ակադեմիական քաղաքի հիմնական սկզբունքները, քաղաքի ենթակառուցվածքներին, գիտության ոլորտի զարգացման ծրագրերին:
Քննարկումներից հետո Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Ես մի քանի հարցադրումներ և շեշտադրումներ անեմ, այնուհետև անցնեք հարցուպատասխանին, քննարկումներին: Գիտեք արդեն, որ 2023 թ. արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ավելի քան 8 տոկոս տնտեսական աճ: Մենք նախորդ մեր հանդիպումների ժամանակ էլ խոսել ենք տնտեսության աճի, տնտեսության պոտենցիալի մասին: Ընդհանրապես տնտեսագետները կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին իր պոտենցիալից ավելին է անում կամ ավելի մեծ արդյունքներ է արձանագրում: Բայց մյուս կողմից տնտեսագետները համաձայն են նաև այն պնդման հետ, որ տնտեսական աճն իր հերթին մեծացնում է մեր տնտեսական պոտենցիալը: Եվ հիմա կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է`քաղաքականություններն ուղղել այդ տնտեսական պոտենցիալի մեծացմանը և տնտեսական պոտենցիալի իրացման հնարավորություններ ստեղծելուն:
Մենք ունենք այս խնդիրը և՛ կարճաժամկետում, և՛ միջնաժամկետում, և՛ երկարաժամկետում: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել ակնհայտ մի փաստ՝ տնտեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը: Ընդ որում, մեր քաղաքական և հայեցակարգային ընկալումն այն է, որ կրթություն ասելով՝ մենք չպետք է այն հատվածական ընկալենք: Նախակրթարանից կամ մանկապարտեզից մինչև բուհ և հետբուհական կրթություն՝ պետք է նայենք մի ռազմավարության և մի ռազմավարական տրամաբանության մեջ: Այս առումով, տիկին նախարարն արդեն մի շարք կարևոր ընդգծումներ արեց, բայց ես ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ, իմ կարծիքով, մենք պետք է ռազմավարական մոտեցումներ որդեգրենք կամ արձանագրենք ռազմավարական մոտեցումները: Մենք 3-5 տարեկան երեխաների վերաբերյալ ենք խոսում և որոշակի թիրախ ենք նախանշել, որին հասնելու հավանականությունը շատ մեծ է մինչև 2026 թ.-ը:
Բայց մենք երկարաժամկետում պետք է նաև որոշակի քաղաքականություն և ռազմավարություն որդեգրենք 1-3 տարեկան երեխաների համար, կամ եթե կոռեկտ է ասել՝ 0-3 տարեկան երեխաների համար, որովհետև սա տնտեսական պոտենցիալի մասին է՝ երկու կտրվածքով: Առաջինը, որ ժամանակակից աշխարհում, ակնհայտ է, որ հենց 0 կամ 1 տարեկանից երեխանները ստանում են կրթություն և նույնիսկ լեզուներ են սովորում, բայց դա տեղի է ունենում առանց նախանշված քաղաքականությունների և առանց կառավարության միջամտության: Եվ սա իր հերթին բերում է հարց, որ կառավարությունները, պետությունները պետք է որոշակի քաղաքականություն որդեգրեն:
Երկրորդ՝ ակնհայտ է նաև Հայաստանի համար, և այս խնդիրն առավել սուր է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են, որ մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի կանայք հնարավորինս քիչ կանգնեն՝ «երեխա՞ ունենալ, թե՞ աշխատել կամ կարերիա անել» երկընտրանքի առաջ, այն տրամաբանությամբ, որ, իհարկե, ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունը մեզ հանգեցնում է այն մտքին, որ այս խնդիրը, եթե մի փոքր կոպիտ ու սուր ձևակերպենք, կանանց խնդիրը չէ: Դա առաջին հերթին կառավարության խնդիրն է, որպեսզի այս հարցի պատասխանի որոշակի ֆորմուլաներ ձևակերպեն:
Հանրային անվտանգության և առողջության տեսակետից կարևոր եմ համարում երկու խնդիր: Մենք որոշել ենք, և դա ակնհայտ որոշում է, որ պետք է անդրադառնալ ընդհանրապես կրթական հիմնարկների անվտանգության ապահովման խնդրին, որովհետև, ցավոք, բազմաթիվ են դեպքերը, և տարբեր երկրներ այս խնդրի լրջությունը հասկացել են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ կոնկրետ իրադրության և իրավիճակների հետ են կանգնել: Նաև մեզ համար այսօր այս խնդիրը շատ հրատապ է այն տրամաբանությամբ, որ մենք ունենք որոշակի մտավախություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և այլն: Դա աշխարհում գլոբալ պրոբլեմ է, և մենք պետք է դրա հետ առնչվենք:
Եվ, իհարկե, դպրոցական սննդի հետ կապված կարգավորումները նույնպես շատ կարևոր են, որովհետև գլոբալ առումով և ՀՀ-ում երեխաների շրջանում ավելորդ քաշի հետ կապված պրոբլեմը դառնում է համատարած: Մենք այստեղ պետք է նաև դպրոցական սննդի ոլորտում կարողանանք որոշակի քաղաքականություններ մշակել, իհարկե, նաև զուգահեռ զարգացնելով դպրոցական ենթակառուցվածքները: Դեռ խոսում ենք դպրոցական ենթակառուցվածքների մաշվածության մասին, երբ առանձին հաշվառենք դպրոցական մարզական ենթակառուցվածքները, կտեսնենք, որ այդտեղ իրավիճակը շատ ավելի վատն է, քան ընդհանրապես դպրոցական ենթակառուցվածքների մասով: Կարծում եմ` մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է այն տվյալը, թե ծայրահեղ աղքատ ընտանիքների մասնակցությունը որքան է բուհական կրթության ոլորտում: Սա շատ խորը պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք: Իհարկե, ենթադրում ենք, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում պատկերը մի փոքր այլ է, բայց, այնուամենայնիվ, այդ սահիկը ցույց է տալիս, որ ծայրահեղ աղքատ ընտանիքը շարունակելու է մնալ ծայրահեղ աղքատ ընտանիք, ու ծայրահեղ աղքատությունն արդեն դառնալու է ժառանգություն, որը սերնդեսերունդ ուղղակի փոխանցվում է: Եվ սա էլ կառավարության խնդիրն է՝ մշակել մոտեցումներ և քաղաքականություններ այս շղթան ջարդելու համար:
Աղքատության գնահատման նոր համակարգը, որն ուզում ենք ներդնել, շատ կարևոր է, որովհետև, ըստ էության, մենք պետք է գնահատենք, հարգելի գործընկերներ, առանց ամաչելու, և մեր պարտքն է գնահատել, որ սա նաև սոցիալական ապահովության ոլորտում մեր վարած քաղաքականությունների արձագանքն ու հետևանքն է: Այսինքն՝ այն քաղաքական գնահատականը, որ տվել ենք նախկինում, այդ գնահատականն արտահայտվել է նաև կրթության ոլորտում, որովհետև մենք ինչ ենք ասում՝ սոցիալական այն քաղաքականությունները, որ երրորդ հանրապետությունում վարվել են, դրանք հենց եղել են նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Մենք ծայրահեղ աղքատին և աղքատին կամ այդ կատեգորիայում գտնվող մեր քաղաքացիներին ասել ենք` եթե դուք աղքատ եք` շարունակեք մնալ աղքատ, մենք ձեզ համար կսահմանենք այս արտոնությունը, այս արտոնությունը, այս արտոնությունը, բայց եթե հանկարծ դուք հաղթահարեք այդ աղքատությունը` մենք ձեզ կզրկենք այս արտոնությունից, այս արտոնությունից, այս արտոնությունից: Եվ սա լուրջ պրոբլեմ է: Մենք արդեն իսկ քննարկել ենք այն ծրագիրը, որ առնվազն տեսական մակարդակում համոզիչ է, որ մարդկանց անընդհատ մղելու ենք աղքատությունը հաղթահարելու: Եվ, իհարկե, այստեղ կրթության ոլորտի հետ համադրումը շատ կարևոր է:
Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են: ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, կարծում եմ՝ այս արտահայտությունն արդեն մեզ համար, եթե ոչ կարմիր, գոնե դեղին նշան պետք է լինի: Եվ ուզում եմ, որ մենք այս ստատուս քվոն լավ հասկանանք, որովհետև ոչ մի առանձին բան նկատի չունենալով, այլ նկատի ունենալով ընդհանուր պատկերը. 60 բուհ նշանակում է՝ 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1000-ի մոտ դեկանի տեղակալ և այլն: Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին` զգում ենք, որ որոշակի լարվածություններ են առաջանում, որովհետև խոսում ենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց կամ, եթե շատ ուղիղ ասենք, իրենց տեսակետով, մենք դրա մասին չենք խոսում, բայց իրենք ընկալում են այդպես, այդ կարգավիճակներից զրկելու մասին: Բայց սա մեր երկրի տնտեսական պոտենցիալի զարգացման և ընդհանրապես մեր երկրի պոտենցիալի իրացման ու զարգացման մասին է, որովհետև մենք բուհական ոլորտում մեր թերությունները զգում ենք ամեն տեղ, բացարձակապես ամեն տեղ:
Փորձագիտական պարզ հարցերի պատասխաններ ստանալը դառնում է ուղղակի անհնարինություն: Երբ բարձրաստիճան պաշտոնյանները, ինչը վատ չէ, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաններն էլ պետք է կրթվեն, սովորեն, բայց պարզ հարցերի պատասխաններ, էլ չեմ ասում, բարդ հարցերի պատասխաններ գտնելու համար ստիպված են գնալ անձամբ փնտրել, գտնել տեղեկություններ, համադրել և այլն: Եվ սա մեր ամենօրյա աշխատանքի մասն է: Մենք այսօր մեզ շրջապատող իրականության մասին հայտնաբերում ենք տեղեկություններ, որոնք մեզ կենսականորեն անհրաժեշտ էին ասենք 7 տարի առաջ, 10 տարի առաջ և այլն: Այսինքն՝ նշանակում է, որ այդ տեղեկությունների և այդ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին մենք, օրինակ, 10 տարի ուշացել ենք, 5 տարի ուշացել ենք կամ թեկուզ եթե 3 տարի ենք ուշացել, դա նույնպես իր նեգատիվ ազդեցությունն է ունենում մեր երկրի վրա:
Ուզում եմ նաև ընդգծել մի շատ կարևոր արձանագրում: Եթե, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեն օրինակ՝ Եվրամիությունում, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է և՛ պետական բուհերին, և՛ մասնավոր բուհերին: Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Եվ սա ֆունդամենտալ արձանագրում է:
Այս առումով Ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է: Եվ, իհարկե, մենք պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի, դիմորդների, հանրության հետ, որովհետև սա մեր երկրի ապագայի տեսլականի շատ կարևոր մաս է:
Շահարկման կամ քննարկման իմաստով ամենակարևոր թեմաներից մեկը՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը, հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում: Ես եվրոպական ստանդարտների մասին խոսեցի, բայց նույնիսկ այսօր գոյություն ունեցող մեր օրենքներով, եթե փորձենք հավաստագրել և լիցենզավորել մեր բուհերը, ոչ մի բուհ այդ լիցենզավորումը չի ստանա: Այսինքն՝ մեր երկրում գործում է օրենսդրություն, որ բուհերը պետք է համապատասխանեն այս ստանդարտին, այն ստանդարտին:
Հայաստանի Հանրապետությունում այսօր գործող բոլոր բուհերը չեն կարող այդ լիցենզիոն պայմաններով անցնել: Եվ Ակադեմիական քաղաքի գաղափարն իրականում այստեղից է ստեղծվել: Մենք ասել ենք՝ ինչպե՞ս անենք, որ մեր բուհերը համապատասխանեցնենք նույնիսկ մեր օրենսդրությանը, որն ամենաբարձր ստանդարտը չէ: Եվ տեսել ենք, որ դրա հնարավորությունը չկա, չենք կարող այդ շենքերը վերափոխել և այլն, որովհետև ժամանակակից աշխարհում ակնհայտորեն ֆիզիկական ենթակառուցվածքը բովանդակային ենթակառուցվածքի հետ պետք է համադրվի, որովհետև մեկն առանց մյուսի ճեղք է առաջացնում: Եվ սա է պատճառը, որ մենք ասել ենք, ուրեմն պետք է զրոյից սկսել այդ պրոցեսը, և այդտեղից առաջացել է գաղափարը:
Ընդ որում` մենք այդ բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում, խոսում ենք Հայաստանի միջազգային հեղինակության մասին, բայց միջազգային մամուլում առնվազն տասնյակ հրապարակումներ են եղել, թե ինչպես են Հայաստանում, օրինակ՝ գործում բուհեր, որոնք ֆեյք բժշկական դիպլոմներ են վաճառում, տարբեր մասնագիտությունների ֆեյք բժշկական դիպլոմներ են վաճառում և այլն: Եվ երբ գնում ենք այդ բուհերի հետևից` այդ բուհերը փակելու այն տրամաբանությամբ, որ նրանք այդ արտոնագրման պայմաններին չեն համապատասխանում, նրանք մի շատ լեգիտիմ փաստարկ են բերում, ասում են` կներեք, եկեք գնանք պետական բուհերը նայենք: Շատ լավ, դնո՞ւմ եք այդ ստանդարտը, մենք ոչ մի խնդիր չունենք, ուրեմն այդ ստանդարտը դրեք բոլոր բուհերի համար՝ և՛ մասնավոր բուհերի, և՛ պետական բուհերի, և՛ օտարերկրյա բուհերի համար: Այստեղ է, որ տեսնում ենք` եթե շատ սկզբունքային գտնվենք, բոլոր բուհերը պետք է փակվեն այն տրամաբանությամբ, որ արտոնագրման պայմաններին չեն համապատասխանում:
Հետևաբար, եթե երկարաժամկետում տեղափոխում ենք բուհերն Ակադեմիական քաղաք, որը, ըստ էության, մեգանախագիծ է, մեկ միլիարդ և ավելի դոլարի ներդրում կպահանջի երկարաժամկետում, հարց է ծագում՝ հին շենքերն ի՞նչ են լինելու: Նախկինում Հայաստանում այդ պրակտիկան է գործել, որ նոր ենթակառուցվածք ստեղծելու համար հին ենթակառուցվածքների շենքերն օտարվում են, բայց մենք հընթացս էլ հասկացանք, որ դա վատ գաղափար է: Եվ մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ Երևան քաղաքի այդ բոլոր շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և միջազգային հեղինակություն ունեցող ընկերության տրվեն կառավարման՝ որպես տարածքներ: Եվ այնտեղից գեներացվող ամբողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքի և բուհական համակարգի ֆինանսավորմանը: Դա քննարկելու հարց է՝ որպես պետական բյուջեի եկամուտ, թե ուղղակի գնա Ակադեմիական քաղաքի հիմնադրամի հաշիվներին: Բայց սա այն է, ինչի մասին այսօր մտածում ենք:
2018 թվականին գիտության ֆինանսավորումը եղել է 14,3 մլրդ դրամ, 2024 թվականին՝ 40,2 մլրդ դրամ է, և գործնականում գրեթե 3 անգամ ֆինանսավորումն ավելացել է: Նաև գիտաշխատողների աշխատավարձն է բարձրացել: Շատ կարևոր է, որ սկսել ենք բավականին մեծ ծավալով սարքեր, սարքավորումներ ձեռք բերել գիտության համար` գիտության պրակտիկ և ֆունդամենտալ հատվածն ուժեղացնելու նպատակով: Նաև կառուցակարգային փոփոխություն ենք արել, այժմ մենք ունենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որն այս տարվանից արդեն գործում է: Իհարկե, մեր ընկալումը և պատկերացումն այն է, որ այս ծրագրերը, ռեֆորմները պետք է ծառայեն Հայաստանի տնտեսական զարգացմանը և ընդհանրապես՝ Հայաստանի զարգացմանը, որը մեր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության պետական շահն է:
Եվ ամփոփելու համար, այս միտքն ուզում եմ նորից ընդգծել, որովհետև նաև մենք մեր պետության գոյության ընթացքում անընդհատ փնտրել ենք, թե Հայաստանի Հանրապետության պետական շահ ասելով, ի վերջո ի՞նչ նկատի ունենք: Եվ մեր եզրակացությունն այն է, համենայնդեպս՝ մենք փորձում ենք այդ հայեցակարգը դնել մեր գործողությունների հիմքում, որը ֆունդամենտալ գիտության և հետազոտության հարց է, բայց նորից այդ հարցերի պատասխանները փորձում է փնտրել և գտնել կառավարությունը, ըստ էության, միայնակ: Մեր արձանագրումն այն է, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և/կամ Հայաստանի զարգացումը, որը հնարավոր չէ պատկերացնել առանց տնտեսական զարգացման»:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տնտեսական և սոցիալական ներառմանը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կառավարության կողմից իրականացված և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերին:
Ըստ փոխվարչապետի՝ առաջինը լուծվել են ԼՂ-ից ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանով ապահովման խնդիրները. մոտ 70 հազար մարդ կացարանով ապահովվել է մարզպետարանների օգնությամբ ու ուղիղ աջակցությամբ: Այդ ընթացքում մարզպետարանները ծախսել են 4,4 մլրդ դրամ ժամանակավոր կացարանների՝ հյուրանոցների, հյուրատների, սննդով ապահովելու և տարբեր միջոցառումների իրականացման համար: «Միաժամանակ կառավարությունն անմիջապես սկսել է 3 հաջորդական ծրագրերի իրականացումը: Միանվագ հրատապ դրամական աջակցության ծրագրի շրջանակում յուրաքանչյուրին տրամադրվել է 100 հազարական դրամ: Այսօրվա դրությամբ այս ծրագրի շահառու է 113 հազար մարդ, 11,3 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել: Երկրորդը՝ 6 ամսյա ծրագիրը, որն ուղղված էր կեցության և կոմունալ ծախսերի աջակցությանը: Միջին հաշվով ներկայումս 95-97 հազար մարդ շարունակում է հանդիսանալ այս ծրագրի շահառու: Սա 40 հազար դրամ բնակվարձի և 10 հազարական դրամ կոմունալ ծախսերի համար աջակցության ծրագիրն է, որ գործող որոշմամբ նախատեսվում է շարունակել մինչև 2024 թ. ապրիլ, բայց մենք ունենք որոշում դրա գործողությունը մինչև տարեվերջ շարունակելու վերաբերյալ: Երրորդ հիմնական աջակցության ծրագիրը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամական աջակցության տրամադրումն էր այն մարդկանց, ովքեր չունեին բավարար դրամական միջոցներ»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:
Փոխվարչապետը նշել է նաև, որ կրթության ոլորտում նույնպես ուղղորդված աջակցություն է ցուցաբերվել: Բուհերում ուսանում է ԼՂ-ից բռնի տեղահանված 3800 ուսանող, նրանց 2023-2024 ուստարվա ուսման վարձերը վճարում է ՀՀ կառավարությունը՝ առանց առաջադիմության գործոն հաշվի առնելու: Հանրակրթական հաստատություններում սովորում է 17 հազար աշակերտ:
Հոկտեմբերից մինչև մարտ կենսաթոշակ և նպաստ են ստացել 25300 կենսաթոշակառու և մոտ 2000 նպաստառու: Տարբեր ծրագրեր են իրականացվել զբաղվածության ուղղությամբ: Մասնավորապես՝ 320 ուսուցիչ ստացել է մարզային ուղեգրում, ավելի քան 200 բուժաշխատող աշխատում է տարբեր բժշկական կենտրոններում, 725 բուժառու ստացել է միջնորդագրեր շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերին մասնակցելու համար:
«Մենք անցումային մի մեխանիզմ ենք սահմանել ԼՂ-ից իրավաբանական անձանց պարզեցված վերագրանցելու համար: 235 այդպիսի կազմակերպություն վերագրանցվել և Հայաստանում շարունակում է իր տնտեսական գործունեությունը: Եվս մեկ կարևոր ցուցանիշ՝ փետրվարի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 11870 անձ արդեն գրանցված է ՊԵԿ-ի համակարգում՝ որպես վարձու աշխատող»,- նշել է փոխվարչապետը:
Քննարկվել են նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագրին, դրա նպատակներին ու սկզբունքներին վերաբերող հարցեր: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ` ծրագիրը լրամշակելու և լավարկելու նպատակով:
Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել որակի նոր ստանդարտների սահմանմանը և իմպլեմենտացմանը, արտահանման և ներմուծման հոսքերի դիվերսիֆիկացմանը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություններով իրականացված և առաջիկայում նախատեսվող միջոցառումները, քայլերը ու դրանց նպատակները:
Քննարկվել են նաև ինքնահայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքին, 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակին վերաբերող հարցեր:
Ամփոփելով` վարչապետը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին արդյունավետ քննարկման համար. «Իհարկե, երբ մենք այս հարցերը քննարկում ենք` միշտ չէ, որ դրանց արդյունքում ունենում ենք կոնկրետ եզրակացություններ և որոշումներ: Բայց կարծում եմ՝ այսպիսի քննարկումները շատ կարևոր են, այսպես ասած՝ մտագրոհի ժանրի մեջ, որոնք հետագայում, իհարկե, արտահայտվում են մեր քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման մեջ, ինչպես նաև հնարավորություն են տալիս մտածել վերլուծական նոր գործիքների մասին»: