16/03/2024 10:03
«Հրապարակ». Ի՞նչ է պետք արտաքին հետախուզությունը մեծ թափով իրականացնելու համար. Գրիգորյանի գնումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023թ. հոկտեմբերին նշանակվեց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար, 2024 թ. փետրվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանի տեղակալ է նշանակել Հրանտ Ջիլավյանին, ով ՄԻՊ դեպարտամենտի ղեկավարն էր, երբ Գրիգորյանը մարդու իրավունքների պաշտպանն էր, այսինքն՝ որտեղ Գրիգորյանը, այնտեղ էլ՝ Ջիլավյանը։
Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերևս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որևէ մեկին հայտնի չէ, թե որտեղ է Քրիստիննե Գրիգորյանը, ինչ է անում, այդ կառույցը որտեղ է գտնվում և այլն։ Բայց եթե դատենք ԱՀԾ կատարած գնումներից, ապա պարզ կդառնա, թե ձևավորման ինչ փուլում է կառույցը։ 2024 թվականի ընթացքում նորաստեղծ կառույցը կատարել է ընդամենը 7 պետական գնում՝ ընդհանուր ծախսելով մոտ 3.5 մլն դրամ։ Գնել են գրասենյակային, կենցաղային, տնտեսական ապրանքներ, ըմպելիքների դիսպենսեր, խմելու ջուր։ Այսինքն՝ էլ ի՞նչ է պետք մեզ արտաքին հետախուզությունը մեծ թափով իրականացնելու համար»։