16/03/2024 20:06
«Փոփոխությունը պետք է շատ զգույշ արվի, որ չտուժի բուժառուն»․ փորձագետն առաջարկներ է ներկայացրել նոր խնդիրների պատճառ դարձած Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման վերաբերյալ
Երկուսուկես շաբաթ է, ինչ հակաբիոտիկ, հակահորմոնային, հակասնկային և մի շարք այլ դեղեր գնելու համար քաղաքացին պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի դեղատան աշխատակցին, որ կարողանա գնել դրանք:
Առողջապահության նախարարությունից պնդում են, որ դեռ անցած շաբաթվա տվյալներով՝ ավելի քան 90 հազար դեղատոմս է դուրս գրվել, համակարգն արդեն լավ է աշխատում, ծրագրի նպատակն էլ մարդու առողջությունը բարելավելն է: Հակառակ կարծիքին են պացիենտները, որոնք օնլայն դեղատոմսը ստանալու դժվարություններին են բախվում։
Խնդիրները լուծելու համար ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում հրապարակավ մի քանի առաջարկ է ներկայացրել կառավարությանը։ Ասում է՝ պետք է էլեկտրոնային դեղատոմսին զուգահեռ առնվազն երկու տարի թույլատրել նաև թղթային տարբերակի կիրառումը: Իսկ որ սա չտապալվի, առաջարկում է էլեկտրոնային դեղատոմս դուրս գրած բժիշկներին ամսական շուրջ 50 տոկոս բոնուս հատկացնել։
«Մարդկանց շահագրգռեն, նկատի ունեմ բժիշկներին, որպեսզի իրենք հիմնականում էլեկտրոնային դուրս գրեն և 1-2 տարի հետևել դինամիկային, տեսնել՝ ինչ է կատարվում։ Եթե իրականում կկարողանաք ամբողջությամբ անցնել էլեկտրոնայինի, հետևաբար, անցեք», - ասում է նա։
Շուրջ 10 տարի Առողջապահության նախարարությունում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Ծաղիկ Վարդանյանը ընդգծում է՝ փոփոխությունը պետք է շատ զգույշ արվի, որ չտուժի բուժառուն, խառնաշփոթ չառաջանա բժիշկների մոտ և դեղատներում:
Հիվանդը նախ պետք է հաղթահարի պոլիկլինիկաների հերթերը, հասնի բժշկին, հետո նոր գնա դեղատուն, իսկ հաճախ այդ հերթերից հոգնող մարդիկ միանգամից վճարովի կոնսուլտացիաների են գնում հիվանդանոցներ ու ընկնում լրացուցիչ ծախսի տակ: Փորձագետն ընդգծում է՝ պոլիկլինիկաների հիմնական մեխանիզմը դեռ խորհրդային տարիներից չի փոխվել, իրենց վրա դրվող այս ծանր բեռին չեն դիմանա։
« Ես մի քանի պոլիկլինիկաներ ուսումնասիրել եմ Երևան քաղաքում և մոտ տարածքում․ հագեցած չեն այն տեխնիկայով, որն իրենց թույլ կտա շատ ավելի արագ աշխատել։ Այսինքն՝ ո՞նց եք մտածում, մտածում եք, որ տեղամասային բժիշկը պետք է ժամերով նստի մենակ դեղատոմս դուրս գրելու վրա, հա՞։ 3-4 հոգով հավաքվում են, փորձում են, հետո հեռավար միանում են Արմեդ համակարգին, զանգերն էլ այնտեղ շատ լարված են, հետո նորից, եթե չի ստացվում, հիվանդն ասում է՝ դե, մի թղթի վրա գրեք, ես կգնամ, կգտնեմ», - ասում է նա։
Առողջապահության նախարարությունում այս պնդումները չեն ընդունում, ասում են՝ թերությունները շտկելով առաջ են գնում: