17/03/2024 12:48
Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. մոտը թմրանյութ է հայտնաբերվել
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2024 թվականը նույնպես հայտարարել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի տարի, այդ թվում պայքար թմրամոլության ու դրա տարածման դեմ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործողությունների շրջանակներում մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Արտակ Մնացականյանը ապօրինի թմրանյութ է իր մոտ պահում։
Նույն օրը ոստիկանության Արթիկի բաժնում՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ ստեղծվում է օպերատիվ խումբ և ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ նա գտնվում է Շիրակի մարզում։
«Տեղում իրականացվում է «Տիրացու Զավենի չափ էլ չկաս» օպերացիան ու Արթիկի ոստիկանները թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու, պատրաստելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արթիկի Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Արթիկի բաժին։
Տեղում անձնական խուզարկությամբ Ա.Մնացականյանի վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 1.57 գրամ քաշով կանաչավուն, յուրահատուկ հոտով, բուսական զանգված։
Արտակ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կանեփ» տեսակի բույսի չորացած թփեր, որոնք անցած տարվա սեպտեմբերին քաղել է Մաստարա բնակավայրի «Ֆերմաներ» կոչվող տարածքում վայրի աճած կանեփի թփերից, չորացրել և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի փաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Մնացականյանը Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարն է»,- ասվում է հաղորդագրութունում: