18/03/2024 23:14
Ստոմատիտ․ Ինչպե՞ս բուժել
Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորոբոքումն է, որը կարող է տեղակայվել այտերին, շուրթերի ներսի մակերևույթին, քիմքին, լեզվին:
Ստոմատիտները կլոր, կարմիր եզրերով, սպիտակ կամ սպիտակադեղնավուն մակերեսով մինչև 6 մմ բաց գոյացություններ են, որոնք ի հայտ են գալիս առանձին, սակայն երբեմն կարող են լինել խմբերով։ Ստոմատիտը հանդիպում է բնակչության 20-25 %-ի մոտ, ընդ որում՝ աղջիկների մոտ առավել հաճախ, քան տղաների:
Սկիզբը բնորոշվում է այրոցի զգացումով, որին հաջորդում է ցավը։ Այն կարող է պահպանվել մոտ 2 շաբաթ, սակայն ամենացավոտը առաջին 3-4 օրն է։
Եթե ստոմատիտները շատ խորը չեն, ապա դրանք ապաքինվում են ինքնուրույն և սպիներ չեն առաջացնում։
Երեխաների մոտ հաճախ հանդիպող ստոմատիտներից են հերպես վիրուսով հարուցված ստոմատիտները, որոնք կարող են ընթանալ առանց ախտանշանների կամ ուղեկցվել ցավով, ջերմությամբ, դյուրագրգիռ վիճակով և ախորժակի բացակայությամբ։
Ստոմատիտի առաջացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են՝
Վիրուսները և բակտերիաները,
դիետաները, որոնք կարող են երկաթի պակասի պատճառ դառնալ,
սննդային ալերգիաները,
վնասված ատամները,
բերանի լորձաթաղանթի մեխանիկական վնասումը,
սթրեսը և այլն։
Բժշկին դիմելու անհապաղ անհրաժեշտությւոն է առաջանում, եթե 1 տարվա ընթացքում դրանք հայտվում են 2-3 անգամից հաճախ, տևում են 2 շաբաթ և ավելի։
Եթե երեխան հրաժարվում է հեղուկներից կամ ունի ջրազրկման նշաններ (մեզի քչացում, թուլություն, շրթունքների չորություն, ներհրված աչքեր, վերջույթների սառնություն, արցունքի բացակայություն լացի ընթացքում), ապա այս դեպքում ևս անհրաժեշտ լինի բժշկի միջամտությունն ու հսկողությունը։
Պետք է հիշել, որ ստոմատիտների առկայության դեպքում չի կարելի դրանք մշակել կալիումի պերմանգանատով (марганцовка), ջրածնի պերօքսիդով (перекись водорода) և այլ լուծույթներով, որոնք կարող են այրվածք կամ երկրորդային ինֆեկցիա առաջացնել:
Չի կարելի առանց բժշկի նշանակման օգտագործել հակաբիոտիկներ կամ հակասնկային դեղորայք, քանի որ ստոմատիտները միշտ չէ որ բակտերիալ կամ սնկային բորբոքման արդյունք են:
Չի կարելի մինչև 2 տարեկան երեխաների դեպքում օգտագործել տեղային ցավազրկողներ. դրանք հիմնականում լիդոկային դեղանյութեր են պարունակում, ինչը այդ տարիքի երեխաների դեպքում արգելվում է:
Անհրաժեշտ է հրաժարվել խմորիչների, սոդայի, քացախի օգտագործումից, քանի որ դրանք կարող են վնասել բերանի լորձաթաղանթն ու աղեստամոքսային համակարգը:
Ստոմատիտի առկայության դեպքում պետք է հրաժարվել դրանք գրգռող և ցավ առաջացնող գործոններից, ինչպիսիք են ՝
սուր համեմունքներով սննդատեսակները,
թթու կամ աղի սնունդը,
ընկուզեղենը,
ատամի մածուկը, որը պարունակում է նատրիումի լաուրիլ սուլֆատ,
ատամի խոզանակը, որն ունի կոշտ մակերես:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն