18/03/2024 11:01
Ներսից ու դրսից մեզ թելադրվում է, որ դուք ո՛չ հայրենիք ունեք, ա՜յ թափառական ժողովուրդ, ո՛չ հող , ո՛չ շիրիմ, ո՛չ սրբություն. Բագրատ Սրբազան
Մեր ողջ կյանքը ընտրության մասին է. թելադրում են, որ ընտրություն կատարենք՝ հակառակ բոլոր բացարձակ արժեքների, որոնք մեզ թվում է, թե պահում ենք՝ հայրենիք, պետություն, Աստված, նրանից բխած արդարություն, ճշմարտություն, տեսիլք, երազ, զոհաբերություն, նվիրում, Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում քարոզի ժամանակ այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այսօր ապրում ենք այս բոլորի հակառակի մեջ։ Ես չեմ մեղադրելու վախեցածներին, այլ հակառակը՝ քաջալերելու եմ չվախեցածներին»,- նշել է Սրբազանը։
Նրա խոսքով՝ չպետք է անընդհատ խոսենք չարիքի մասին, որի զսպման համար ոչ մի բան չենք անելու, այլ խոսելու ենք, որպեսզի բավարարված լինենք։
«Մեր վանքերն ու եկեղեցիները վկայում են հայրենիքի սահմանների մասին։ Ներսից ու դրսից մեզ թելադրվում է, որ դուք ո՛չ հայրենիք ունեք, ա՜յ թափառական ժողովուրդ, ո՛չ հող ունեք, ո՛չ շիրիմ ունեք, ո՛չ սրբություն ունեք, ո՛չ ինքնության հետ կապված որևէ արժեք ունեք այս տարածաշրջանում։ Մեր կոչումն է՝ ընտրել ճշմարտությունը կամ սուտը, վախկոտությունը կամ քաջությունը, անձնապաշտությունը կամ անձնվիրումը, եսասիրությունը կամ զոհաբերությունը։
Ես լինելու եմ բոլոր նրանց հետ, ովքեր կընտրեն ճշմարտությունը և չեն վախենա այդ ճշմարտության և արդարության մասին վկայել իրենց կյանքով։ Սիրելի՛ ժողովուրդ, զորացե՛ք, մի՛ տկարացեք, իրար զորացրե՛ք»,- ընդգծել է Սրբազանը։
Նա շեշտել է՝ հոգևոր թշնամին մեզ առաջին հերթին հարվածում է հոգու դաշտում, այնտեղ ենք մենք պարտվում։