18/03/2024 13:20
«Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է»․Հայրապետյանը չմանրամասնեց՝ արդյո՞ք ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարց կլինի (Տեսանյութ)
Այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են ՀՀ-ի տարբեր գերատեսչություններին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեությանը, Հայրապետյանը նշեց, որ այդ մասով ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումները և լուծումները.«Առաջիկայում Մոսկվայում տեղի են ունենալու խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ համաձայնագիրը։ Այդ ժամանակ հայկական կողմը կներկայացնի լուծումների վերաբերյալ իր առաջարկները։ Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ»։
Նախարարը նաև շեշտեց, որ այն լուծումները, որոնք հայկական կողմի առաջարկների փաթեթում ներառված են, ենթադրում են նաև նախկինում արված փորձերի արդյունքները, որոնց դեպքում որևէ բովանդակային փոփոխություն ոչ միայն չի արվել, այլև վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել։
«Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ նմանօրինակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատում։ Եվ սա նույնպես հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումներն ու լուծումները։ Մեր ռուս գործընկերների հետ աշխատանքներում մենք սա նկատի ենք ունենալու և իբրև փաստարկ ներկայացնելու ենք»։
Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե երբ են այդ բանակցությունները սկսվելու՝ նախարարը պատասխանեց.«Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի»։
Դիտարկմանը՝ այդ բանակցություններում լինելո՞ւ է արդյոք այդ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը՝ Հայրապետյանը պատասխանեց.«Պոլիտկոռեկտությունից ելնելով ես մանրամասները հայտնելուց զերծ կմնամ։ Միայն կարող եմ վստահեցնել, որ ցանկացած որոշում, որը որդեգրում է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է ներդրված»։