18/03/2024 17:47
Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Վերջին օրերին հիմնական քննարկումներն ու կոշտ բանավեճերն այն մասին են, թե ո՞ւր է շարժվելու Հայաստանը․ Եվրոպա՞, ԱՄՆ, թե՞ մնալու է իր տեղում, բայց արդեն՝ «կոտրած տաշտակի» առաջ:
Հայաստանի «եվրոպական ապագա»-ի որոշ նրբերանգներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեր քաղաքացիների մեծ մասը չգիտի, որ այս պահին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 10 երկիր, այդ թվում` տարիներ շարունակ վերջնական որոշմանը սպասող Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան։
Մեր քաղաքացիները չգիտեն, որ Արևմտյան Բալկանները` Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիան և, որոշ առանձնահատկություններով՝ Կոսովոն, անկախ բազում լծակներից և եվրոպական ֆինանսական միջոցներից, մոտ ապագայում անգամ չեն դառնալու ԵՄ անդամ»,- գրում է Արմեն Աշոտյանը:
Եվ իսկապես, ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ. եվրոպացիները գրեթե բոլոր երկրներում դեմ են միավորման սահմանների ընդլայնմանը` կանխատեսելով բազմաթիվ նոր տնտեսական, սոցիալական, անվտանգային, միգրացիոն և այլ խնդիրներ։
Այդ դեպքում ո՞ւր է գնում Հայաստանը: Դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն»: