18/03/2024 18:24
Անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է խոստացել թշնամի Ադրբեջանին, գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու․ Բաղանիսցի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վաղ առավոտյան զորքով ուղևորվել է Տավուշի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, ԿԻրանցի բնակիչների հետ։
Փաշինյանն իր հետ Տավուշ է տարել նաև վերջին ասուլիսում պարբերաբար ձեռքը վերցրած ՀՀ մակետը, որպեսզի բնակիչներին ավելի պատկերավոր ներկայացնի,թե որ տարածքներն է պատրաստվում զիջել թշնամուն, որտեղով է անցնելու նոր ճանապարհը։
Բաղանիս գյուղի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ ի տարբերություն 2021 թվականի, երբ հարյուրավոր բնակիչներ ցանկանում էին հանդիպել, զրուցել իրենց գյուղ քարոզարշավի եկած Փաշինյանի հետ, հիմա մեծամասնությունը չեն ցանկացել հանդիպել, քանի որ նրան ստախոս են համարում։
«Նիկոլը շարքային խաբեբա է, չենք ուզում իր հետ հանդիպել, հերթական անգամ ժողովրդին կուտ է տալու, գնա։ Ընկած մարդ էին ման գալիս, որ հետը հանդիպեին։ Այնքան քիչ էին, որ մի քանի գյուղից հավաքեցին, ընդհանուր հանդիպեցին։ Ներկաների մեծ մասն էլ իր հետ քաղաքից եկածներն էին ու անվտանգության աշխատակիցները։ Գյուղերից հանդիպմանը ներկա են եղել վարչական բնակավայրերի ղեկավարները, գյուղապետարանների աշխատողները և այլն»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է որոշել կամ արդեն խոստացել թշնամի Ադրբեջանին,գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու։
«Մենք չենք պատրաստվում անգամ 1 մետր հետքայլ անել։ Եթե պետք է՝ կկռվենք ու մեր հողը կպահենք։ Զարմանում ու նաև ամաչում եմ, որ իմ համագյուղացիների մեջ գտնվել են մարդիկ, որ ինչ-ինչ պատճառներով գնացել են հող հանձնողի հետ հանդիպելու։ Մեծ մասը հենց այդպես էլ ասել է՝ հող հանձնողի հետ չենք հանդիպի»։