18/03/2024 11:41
ՀՀ-ԵՄ հարաբերություններում դինամիկան կարելի է աննախադեպ որակել. ԱԳ փոխնախարար
Այն դինամիկան, որ այսօր կա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, կարելի է աննախադեպ որակել, «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային առաքելությունը, Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման շուրջ ընթացող բանակցությունները, Եվրոպական խաղաղության գործիքին Հայաստանի հասանելության, հայկական ապրանքների եվրոպական շուկաներ ավելի դյուրին մուտքի շուրջ քննարկումները։
«Սրանց ուղղությամբ դրական զարգացումները թույլ կտան նաև առաջ շարժվել և ավելի հավակնոտ օրակարգերի մասին խոսել», - ասել է Կոստանյանը։
Անցած շաբաթ ձաների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», - ասված է բանաձևում։
Պաշտոնական Երևանը ողջունեց բանաձևը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։
Հարցին՝ սառը չէ՞ր վարչապետի արձագանքը, թե՞ զուսպ մեկնաբանությամբ քաղաքական զգուշավորության, պրագմատիզմի դրսևորում էր՝ Կոստանյանը պատասխանել է․«Բացարձակ սառը չէի համարի նման ձևակերպումները, որովհետև էսպիսի որոշումները, որոնք շատ կարևոր են հենց Հայաստանի ապագայի և աշխարհում մեր դերի վերաբերյալ, կարծում եմ լայն քննարկումների առիթ պետք է հանդիսանան, և հենց ժողովրդավար պետություններին հատուկ է նման քննարկումներ ունենալը։ Այդ քննարկումները սկսվել են, փորձագիտական շրջանակները սովորական քաղաքացիներն արդեն խոսում են և այս խոսակցությունը վստահաբար էլ ավելի մեծ ծավալներ կստանա»։