18/03/2024 12:38
Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասին
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեգնանքով շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում նախագահական ընտրությունների մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն։ Ես չէի արձագանքի այս հեգնական շնորհավորանքին, եթե ԵՄ չափանիշները հավասարապես կիրառվեին Շառլ Միշելի կողմից։
Նույն Շառլ Միշելն օրեր առաջ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և իր բարեմաղթանքները հայտնել նոր մանդատի կապակցությամբ։ Տարօրինակ է, բայց Ալիևին ուղղված շնորհավորանքը, ով 2003 թվականին հորից ժառանգել է Ադրբեջանի նախագահությունը, 21 տարի իշխանության ղեկին է և 92,05%-ով ստացել է իր հինգերորդ ժամկետը, ո՛չ սարկազմ է պարունակում, ո՛չ էլ հեգնանք։ Նաև չի ասում, որ Ադրբեջանում ընդդիմություն, ազատություն, ընտրություն չկա։ Ոչ մի խոսք քաղբանտարկյալների, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, Ադրբեջանում և աքսորում գտնվող հալածված լրագրողների և բլոգերների մասին։
Քանի որ մենք երկուսս էլ Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) անդամ ենք, ես ամաչում եմ այս մարդու վարքագծի և երկակի ստանդարտների պրակտիկայի համար, և այս մարդը ներկայացնում է ԵՄ-ն։
Բայց ես ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է, և ես հույս ունեմ, որ ապագայում ԵՄ-ի գլխին ավելի ադեկվատ գործիչներ կտեսնեմ»։