18/03/2024 22:33
Ի վիճակի՞ չես՝ թող, գնա. Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ «պատերազմ չլինի»․ Ոսկեպարցի
Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք։ Մենք գնալու տեղ չունենք։ Սա մեր վերջին կանգառն է, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակիչը։
Նրա փոխանցամբ՝ Փաշինյանը Ոսկեպար էր եկել՝ մարդկանց ասելու, որ չի կարող չտալ Տավուշի գյուղերը, ասում էր, եթե չտանք ՝ պատերազմ կլինի։
«Գյուղում հիմա բոլորն են իմ նման մտածում, ոչ մի տրամադրություն չկա։ Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք։ Մենք գնալու տեղ չունենք։ Սա մեր վերջին կանգառն է։ Սա ամբողջ գյուղի կարծիքն է, միայն ես չեմ այդպես մտածում, մենք հեռանալու տեղ չունենք, մենք մեր գերեզմանները թուրքին չենք թողնելու, կկանգնենք ու կպայքարենք, կամ տերը կլինենք էս ամեն ինչի, կամ ոչ մի բան չենք տեսնի»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Նրա փոխանցմամբ՝ ոսկեպարցիներից շատերը չեն էլ գնացել Փաշինյանի հետ հանդիպման, բոլորին էլ պարզ էր՝ ինչի է եկել. «Իսկ իր ձայնն անգամ լսելը շատերի համար տհաճ է։ Օրինակ, դուք Փաշինյանի հարցազրույցները կարողանո՞ւմ եք լսել։ 5 րոպե լսում ես՝ ուզում ես հասկանալ, թե ինչ էր խոսում՝ ոչ մի բան չես հիշում, այսինքն, իր արտահայտած բառերում միտք չկա։ Միակ բանը, որ ասում էր, որ չի կարող պահել, որ ի վիճակի չի կռիվ անել։ Ի վիճակի չես՝ թող, գնա, ի՞նչ ես ընկել մեր աղքատ ջանին։ Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ պատերազմ չլինի»,- ասել է բնակիչը։
Ոսկեպարցին նաև վստահեցրել է, որ այն բնակավայրը, որտեղ իրենք ապրում են, երբեք չի եղել թուրքերի տիրապետության տակ, «Անգամ մի ժամով, մեր գյուղը թուրքինը չի եղել։ Այն բնակավայրը, որի մասին ադրբեջանցիները խոսում են՝ մեր գյուղի հետ կապ չունի։ Եղել է Ներքին Ոսկեպար, իրենք ասում են՝ Ասկիպարա, մեզանից այդ հողերը վերցրել են, բերել՝ ադրբեջանցիներով բնակեցրել են, 1918-ից հետո են ընտանիքներին քշել, բերել, վերաբնակեցրել են այդտեղ։ Դե, թող հիմա մի խելքը գլխին մարդ դուրս գա ու ցույց տա 1926 թ-ի քարտեզներն ու ասի, թե Ադրբեջանն այն ժամանակ որտե՞ղ է եղել։ Չէ, ասում է՝ 1991 թ-ի քարտեզով։ Եթե անգամ էդպես է՝ ասել, որ մեր գյուղերը ադրբեջանական են, նույնն է, որ հիմա Ռուսաստանում ապրող հայերը դուրս գան՝ ասեն՝ Ռուսաստանի էս կամ էն քաղաքը Հայաստանինն է»։
Ոսկեպարցին նաև նշել է, որ եթե 2021 թ-ի ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթել էր Ոսկեպարում, ապա հիմա էլ իրեն աջակցողներ չկան։ «Իր զոմբիներն էլ են հասկացել, որ իրենք ընդամենը «օդնոռազովի օգտագործման իրեր են», իրենց օգտագործել ու դեն են նետել։ Դանակն արդեն բոլորի ոսկորին է հասել, կարող է 1-2 ամիս առաջ էդպես չլիներ, բայց հիմա էդպես է։ Բոլորս ենք այդպես մտածում։
Մենք տերն ենք մեր հողի։ Թե Նիկոլն ու իր հետի խունտան ինչ կորոշեն ՝ չգիտեմ։ Չգիտեմ՝ ինչպես են իրենք պլանավորում մեր մահը, բայց մենք մնալու ենք այստեղ․ կամ կապրենք, կամ կմեռնեք այստեղ, ես քոչվոր չեմ, մենք գնալու տեղ չունենք, ես սրա տերն եմ»,-ասել է ոսկեպարցի տղամարդը։