18/03/2024 15:14
Ստոլտենբերգն Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել
Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Հասանովը ներկայացրել է երկրի ԶՈւ-ում կատարվող բարեփոխումները, խոսել ականազերծման աշխատանքների, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա խոսել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունների մասին և կարևորել հարաբերությունների հետագա զարգացումը։ Ստոլտենբերգը բարձր է գնահատել «Ադրբեջանի ներդրումը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակում խաղաղապահ առաքելություններում»։
Նա հատկապես ընդգծել է, որ ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի սերտ համագործակցությունը զգալի ներդրում կունենա Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններում։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերություններում և այլ ոլորտներում զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։