18/03/2024 21:18
Այս շաբաթ Վրաստանի խորհրդարան կբերվի ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծը
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորները նախատեսում են այս շաբաթ ներկայացնել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրինագիծը, այդ մասին հայտնել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար, «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ ճեպազրույցի ժամանակ։
«Այս շաբաթ մենք հանդես կգանք ԼԳԲՏ քարոզչության դեմ օրինագիծ ընդունելու նախաձեռնությամբ, չնայած նրան, որ մեր ընդդիմախոսներն արդեն հետաքրքրված են այս թեմայով և պատրաստվում են պայքարել՝ դեռևս չգրանցված օրինագծի դեմ»,- ասել է նա։
Մդինարաձեն փետրվարի վերջին էլ էր հայտարարել, որ Վրաստանի իշխանությունները պատրաստվում են օրենք ընդունել ԼԳԲՏ քարոզչության դեմ պայքարելու համար։ Քաղաքական գործչի խոսքով՝ կեղծ լիբերալներն ամբողջ աշխարհին փորձում են գենդերային չեզոք տերմիններ պարտադրել ՝ «ծնող-մեկ» և «ծնող-երկու»՝ «հայրիկ» և «մայրիկ» բառերի փոխարեն, քարոզում են, թե երեխաները պետք է ընտրեն իրենց սեռը։
«Միջազգային ուսումնասիրությունները հաստատում են, որ մի շարք երկրներում, որտեղ հատկապես ակտիվորեն տարածվում է կեղծ ազատական գաղափարախոսությունը, 18-ից 25 տարեկան երիտասարդների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների թիվը հասնում է մոտ 20%-ի, իսկ որոշ տեղերում՝ նույնիսկ ավելին»,- ասել էր Մդինարաձեն։