18/03/2024 21:43
«Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն «խաղաղության»․ Մանրամասներ՝ Փաշինյանի ու տավուշցիների հանդիպումից
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկեվանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել փակել ճանապարհները, կազմակերպել ինքնապաշտպանություն՝ Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում, News.am-ին հայտնել է Ոսկեպարի դպրոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը:
«Մեր գյուղերի բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել, չենթարկվել Նիկոլի որոշմանը և, թիկունք կանգնելով զորքին, թույլ չտալ Ադրբեջանի առաջխաղացումը, որովհետև փաստը մնում է փաստ, որ վտանգավոր է նման բան թույլ տալը:
Փաշինյանին մի քանի հոգու կողմից հարց տրվեց, որ դա վտանգավոր է ոչ միայն Հայաստան- Վրաստան ճանապարհի փակման, այլ նաև Ոսկեպարի ու մի շարք գյուղերի անվտանգության համար: Փաշինյանը, ի պատասխան դրա, ասաց, որ մենք գնում ենք խաղաղության, եթե չգնանք խաղաղության, Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Քանի որ գիտեր՝ մեր ժողովուդրը Ադրբեջանից վախեցողը չի, ասաց, որ եթե խելոք չմնանք, Ադրբեջանի դեմ ոտնձգություն անենք, Թուրքիան կհարձակվի մեր վրա։ Այսինքն՝ վախեցնելու միջոց է գտել էլի, որ եթե Ադրբեջանից չեք վախենում, Թուրքիայից վախեցեք»- պատմել է նա:
Բեգլարյանը նշել է, որ բնակիչները Փաշինյանին վտանգները ներկայացնելով՝ ասել են, որ տարածքները հանձնելու դեպքում թշնամին Ոսկեպարի բարձունքներում կհայտնվի և գյուղում բնակիչներ չեն մնա.«Բայց մեկ ա, Նիկոլի կովը պլաստմասսայից է, 100 լիտր էլ կաթ է տալիս, իր խաղաղության օրակարգն է առաջ տնում, թե այդ խաղաղության օրակարգը որտեղից է գալիս, պարզ է արդեն: Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն խաղաղության: Իհարկե, հասկանում ենք, որ Ալիևի ասածներին չի կարելի հավատալ, նամանավանդ խաղաղության առումով: Փաշինյանի ասածների հետ ոչ մեկը համաձայն չէր, բոլորն էլ վրդովված դուրս եկան ու դրսում խոսակցութուն եղավ երկար, որի մի փոքր դրվագը հայտնվեց համացանցում»:
Զինղեկը նշել է, որ այս տարածքները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, խախտելու դեպքում այլևս հնարավոր չի լինի վերականգնվել:
Բնակիչները նաև առաջարկել են այլ լուծումներ գտնել, փոխանակել հողեր, սակայն Փաշինյանը անդրդվելի է մնացել:
«Բայց մեր գյուղի լինել-չլինելու հարցն է լուծվում: Ադրբեջանի նպատակը ոչ թե մի քանի գյուղ գրավելն է, այլ Հայաստանի 6 մարզ գրավելն է՝ Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ։ Այսինքն, Հայաստանը դառնում է 10 հազար քառակուսի կիլոմետրով ամորֆ մի մարմին»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Նշենք, որ այսօր՝ մարտի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները։