18/03/2024 10:05
Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը
Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները և հուշարձաններ։
«Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը գրում է, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում այս անգամ էլ հայտնվել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հուշարձանների բացումը տեղի ունեցել 2016 թ. սեպտեմբերի 7-ին։
«Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»։