18/03/2024 17:07
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 46-ամյա աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրում գործող ԱԳԼՃ կայանում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի բնական գազով լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի հանգամանքները, պայթյունի պատճառները և պատճառված նյութական վնասի չափը պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ գազալցակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Առգրավվել են տեսագրությունները, հարցաքննվել են ականատեսները և գազալցակայանի գործունեության հետ առնչություն ունեցող մի շարք անձինք։
Պայթյունի հետևանքով վնասվածք ստացած և բուժհաստատություն տեղափոխված 46 տարեկան գազալցակայանի աշխատակիցը ճանաչվել է տուժող, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Նշանակվել են դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ։
Քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես գազալցակայանի, շահագործվող սարքավորումների և այնտեղ աշխատող անձանց գործունեության թույլտվության օրինականությունը, այնպես էլ լիցքավորվող ավտոմեքենայում եղած գազաբալոնների շահագործման օրինականությունը։
Ձեռք բերված տվյալներով բացի բնական գազի տարայից, ավտոմեքենայում տեղադրված են եղել հեղուկ գազի տարաներ և համապատասխան սարքավորումներ, որով իրականացվել է հեղուկ գազի շրջիկ վաճառք՝ առնաց թույլտվության, իսկ բնական գազի լիցքավորման ժամանակ պայթել է հեղուկ գազի տարան։
Նախաքննությունը շարունակվում է»։