19/03/2024 23:00
Քութեշ․ Առաջին իսկ ախտանշանները նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի
Քութեշն ըմպանի բակտերիալ վարակ է, որը որոշ երեխաների շրջանում կարող է զարգանալ ստրեպտոկոկային ըմպանաբորբով:
Այն նաև հայտնի է որպես սկարլատինա, որը սովորաբար հանդիպում է դպրոցական տարիքի՝ 5-15 տարեկան երեխաների շրջանում և ընթանում է մարմնի մեծ մասը պատող կարմիր մանր կետավոր մաշկային ցանավորմամբ։ Քութեշը գրեթե միշտ ուղեկցվում է ըմպանաբորբով և բարձր ջերմությամբ:
Մի ժամանակ ծանր մանկական հիվանդություն համարվող քութեշն արդյունավետ հակաբիոտիկային բուժման շնորհիվ դարձել է ավելի քիչ վտանգավոր: Այնուամենայնիվ, չբուժվելու դեպքում վարակը կարող է տարածվել օրգանիզմի այլ շրջաններ և առաջացնել ավելի ծանր հիվանդություններ, որոնք ազդում են սրտի, երիկամների և այլ օրգանների վրա:
Քութեշի ախտանիշները սովորաբար ի հայտ են գաիս վարակվելուց հետո՝ 1-3 օրվա ընթացքում։
Քութեշի գանգատները և ախտանիշները ներառում են՝
Կարմիր ցան. քութեշանման ցանը բնորոշվում է կարմրած մաշկի ֆոնին առաջացած մանր կետային պապուլաներով, որոնք հակում ունեն միաձուլման: Մաշկի կարմիր հատվածները սեղմելիս գունատվում են, իսկ բաց թողնելիս վերականգնում կարմիր գույնը։
Կարմիր գծեր. բնական ծալքերի շրջանում (աճուկային, անութային, արմնկային, ծնկային և պարանոցային) ցանն ավելի կարմրած է, քան հարակից ցանը և ավելի ցայտուն է երևում՝ նմանվելով կարմիր գծերի:
Շառագունած դեմք. որպես կանոն, դեմքին ցանավորում չի դիտվում, սակայն դեմքը դառնում է կարմրած՝ հատկապես այտերի շրջանում, իսկ բերանի շուրջը՝ օղակաձև գունատված:
Ելականման լեզու. հիվանդության վաղ շրջանում լեզուն սպիտակ փառակալած է, իսկ լեզվի պտիկները՝ այտուցված ու արտահայտված:
Ցանը և դեմքի ու լեզվի կարմրությունը սովորաբար տևում են մոտ մեկ շաբաթ, որից հետո այս ախտանիշներն աստիճանաբար անհետանում են և հաջորդում է մաշկի ցանավորված շրջանների գունատումը և թեփոտումը: Թեփոտումը հիմնականում սկսվում է դեմքից և տարածվում վայրէջ ուղղությամբ ամբողջ մարմնով։ Վերջույթներին դիտվում է խոշոր, իսկ իրանին մանր թեփոտում։ Թեփոտումից հետո մաշկը նմանվում է արևայրուք ստացածի մարդու մաշկին։
Քութեշ վարակի դեպքում մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 38.3 C կամ ավելի բարձր, որը հաճախ ուղեկցվում է դողով և սարսուռով։ Ախտանշանների հետ մեկտեղ առաջանում են կլման դժվարություններ, նկատվում են պարանոցային մեծացած գեղձեր, որոնք շոշափելիս պինդ են։
Անհրաժեշտ է բժշկի դիմել առաջին իսկ անհանգստացնող ախտանշանները նկատելու դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն